Մայրաքաղաքի Մալիբու սրճարանին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը։
Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։
Նախարարը փոխքաղաքապետի հետ շրջել է տոնավաճառի տաղավարներում, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես նաև գնումներ կատարել։
«Մեր հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին կազմակերպել իրենց իսկ արտադրած գյուղմթերքի իրացումը, և արդեն հինգերորդ տարին անընդմեջ նախարարությունը գյուղատնտեսական տոնավաճառներ է կազմակերպում», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նախարարի խոսքով` այս տարի երկրորդ տոնավաճառն ավելի վաղ է բացվել` հաշվի առնելով բնակչության պահանջարկը գյուղմթերքի նկատմամբ, տարածքն ավելի բարեկարգ է և առավել մեծ թվով գյուղացիական տնտեսություններ են մասնակցության հայտ ներկայացրել․ ավելի քան 120 գործող տաղավար կա։
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի և անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր տարածքներ կառանձնացվեն գյուղմթերքի տոնավաճառների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հիշեցրել է, որ բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված՝ դեռևս տարիներ առաջ գյուղատնտեսական 34 փոքր շուկաներ են բացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։
Տոնավաճառները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, դրանց մասնակցում են տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը։
Տոնավաճառին առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն