▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է»․ Սերժ Սարգսյան

«Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է»,- դատական նիստից առաջ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Սկզբի համար այսքանը, չեմ ուզում ուշանալ դատական նիստից»,- նշեց նա՝ խոստանալով, որ վերջում կարճ ճեպազրույց կտա։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՊՆ նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

***

Իշխանությունը համարում է, որ կարելի է գործեր սարքել, մարդկանց ուշադրությունը շեղել և փորձել քաղաքականապես ակտիվ դեմքերին հնարավորինս դուրս մղել քաղաքական գործընթացներից։ Նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված նոր մեղադրանքին։ «Շատ դեպքերում իրենք ունեն այն կանխատեսումը, որ այդ գործերը չեն հասնելու իրենց ցանկալի կետին, և գլխավոր խնդիր է դառնում սկսել քաշքշուկ, 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել-բերել, որից քաղաքական առումով տուժում է այդ մարդն ու նրան ներկայացնող քաղաքական ուժը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են։
Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանին առաջադրված նոր մեղադրանքի գործով առաջին նիստն է։ Նա մեղադրվում է ՊՆ նախարար եղած ժամանակ հողերի օտարման գործարքի համար։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար էժան գնով է վաճառել: Շահարկվում է այդ հողերի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին մոտ լինելու հանգամանքը, սակայն «Հրապարակ»-ի հաղորդմամբ, «հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է»։

***

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց՝ պաշտպանական թիմին միացած փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությամբ։ Նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։
Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Առաջին հարցը վերաբերում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։ Ինչի՞ մասին էր, ում համար էր այդ ասուլիսը հարցին՝ Սարգսյանն ասաց․ «Ես ինչո՞ւ պետք է ենթադրություն անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի մամուլի ասուլիսն ում համար էր, երևի հանրության»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե 2018 թվականին զանգահարել է Սերժ Սարգսյանին, ով ասել է՝ «ամեն ինչ կոնտրոլի տակ է», պատասխանեց․ «Ես հակված չեմ անձնական խոսակցությունները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, դրանց առաջ էլ է եղել։ Ի՞նչ հետաքրքրիր է նման մանրամասները։ Մի բան կարող եմ հստակ ասել, որ մանրամասներ կարող եմ բարձրաձայնել, երբ նպատակահարմար գտնեմ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ իր բառապաշարում «կոնտրոլի տակ» արտահայտություն չկա։

Նա նաև հայտնեց, որ 2018-ի մասին այսօր չի ցանկանում խոսել:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին