▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին լեգենդներ. նրանցով աշխարհն է հիացել

Նրանց մասին լեգենդներ են պատմում, ֆիլմեր նկարում ու գրքեր գրում: Այս կանանց սիրել են, նրանցով հիացել ու վախեցել նրանցից:

Իրենց գեղեցկության, կամքի ուժի և խիզախության շնորհիվ նրանք կարողացել են կարծրատիպեր կոտրել և մարտահրավեր նետել տղամարդկանց, նրանք այն կանայք են, ովքեր փոխել են պատմության ընթացքը:

Կլեոպատրա

 

Եգիպտոսի վերջին թագուհու՝ Կլեոպատրա Ֆիլոպատրի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում արդեն 2000 տարի, նա դարձել է պատմության մեջ ամենահայտնի ղեկավար կանանցից մեկը: Խելացի, խորամանկ և գեղեցիկ՝ նա զարմանալիորեն կարողանում էր ազդեցություն գործել շրջապատողների վրա: Իշխանության գալու ճանապարհին Կլեոպատրան իր ճանապարհից հեռացնում է հարազատ եղբորը և միահեծան ղեկավարում է Եգիպտոսը: Կլեոպատրան պատմության մեջ մնացել է նաև Հռոմի երկու հզոր ղեկավարների հետ ունեցած սիրային հարաբերություններով: Նա որդի է ծնում Հուլիոս Կեսարից, իսկ նրա մահից հետո գերում է Մարկոս Անտոնիոսի սիրտը:

Կինոյում Կլեոպատրային մարմնավորել են ամենահայտնի գեղեցկուհիները՝ Էլիզաբեթ Թեյլոր, Մոնիկա Բելուչի:

Ժաննա դ՝Արկ

 

Ժաննա դ՝Արկ ին համարում են Հարյուրամյա պատերազմի ամենահայտնի անձնացից մեկը: Նա գլխավորել է ֆրանսիացիների ազատագրական պայքարն անգլիացիների դեմ: Ժաննան դարձել է Ֆրանսիայի ազգային հերոսուհին: «Օռլեանի կույսի» կերպարը հոգեբանական մեծ ճնշում է գործադրել հակառակորդի վրա: Ժաննա դ՝Արկին անգլիացիները գերեվարում և դատապարտում են, այնուհետև այրում են խարույկի վրա, բայց նրա կերպարը մնում է պատմության էջերում:

Ինդիրա Գանդի

Ինդիրա Գանդին մտավ հնդկական պատմություն ոչ միայն որպես առաջին կին, ով մի քանի տարի գլխավորեց կառավարությունը, այլև խելացի և հմուտ քաղաքական գործիչ:

Հնդկաստանի անկախության համար պայքարող Ջավահառլալ Նեռուի դուստրը 15 տարի ղեկավարում է հնդկական կառավարությունը: Առ այսօր աշխարհում նրա մասին խոսում են մեծ հարգանքով, Ինդիրան ակտիվ պայքարում էր խաղաղության համար: Նրա մահը ողբերգություն էր հնդիկների համար, նրանց խոսքերով՝ մահացել էր «Հնդկաստանի մայրը»:

Ելիզավետա երկրորդ թագուհի

Պատերազմներ են սկսվել ու ավարտվել, կառավարություններ ու վարչապետեր փոխվել, բայց նա դեռ գահին է: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհին արդեն 63 տարի է ղեկավարում է երկիրը, նա Բրիտանիայի ողջ պատմության մեջ ամենաերկար կառավարող գործիչն է:

Բրիտանիայի թագուհին զբաղվում է բարեգործությամբ, ավելի քան 600 բարեգործական կազմակերպությունների է հովանավորում: Ելիզավետա երկրորդի մասին բազմաթիվ ֆիլմեր կան՝ «Թագուհին», «Մերկ ատրճանակ», «Չերչիլը գնում է պատերազմ», նրան մարմնավորել է Հելեն Միրենը և դերի համար նոմինացվել Օսկարի:

Մարգարետ Թետչեր

 

Ամենահզոր կին քաղաքական գործիչը, ում իզուր չէ, որ անվանում են «Երկաթե լեդի»: Տետչերը միակ կինն է, ով ղեկավարել է Բրիտանիայի կառավարությունը, 11 տարի նա եղել է ՄԵծ Բրիտանիայի վարչապետը և ամենահզոր ու խելացի քաղաքական գործիչներից մեկն ամբողջ պատմության ընթացքում: Նրա կառավարման տարիներին Բրիտանիան հասավ տնտեսական զարգացման ամեանբարձր մակարդակի, նրա կառավարման տարիներին Անգլիան հաղթեց Ֆոլկլենդյան կղզիների համար մղվող պատերազմում:

Թետչերի բազմաթիվ խոսքեր դարձել են թևավոր. «Միգուցե աքլորը լավ է կուկարիկու կանչում, բայց ձվեր, միևնույն է, ածում է հավը», «Ես կարող եմ անսահման երկար համբերել, եթե գիտեմ, որ վերջում լինելու է այնպես, ինչպես ես եմ ուզում»:

Մայր Թերեզա

Կին-բարություն: Ագնեսա Բոյաջիուն մակեդոնացի սովորական աղջիկ էր, ով դարձավ գթասրտության, բարության և սիրո խորհրդանիշ, հենց հասարակությունը նրան տվեց մայր կոչումը: Նա երիտասարդ տարիքից կյանքը նվիրում է Աստծուն և դառնում է միանձնուհի՝ ստանալով Թերեզա անունը: Նա գրեթե ոչնչից բարեգործական ֆոնդ է ստեղծում Հնդկաստանում, որը ներկայումս ունի 400 բաժանմունք աշխարհի 111 երկրում, այս բարեգործական կազմակերպությունն օգնում է կարիքավորներին բնական աղետներից հետո, վտանգավոր շրջաններում ապրող մարդկանց: Մայր Թերեզան 1979 թ-ին ստանում է Նոբելյան մրցանակ՝ կարիքավոր մարդկանց օգնելու և այդ բնագավառում մեծ գործունեություն ծավալելու համար:

Մայր Թերեզայի մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

Նրա բազմաթիվ խոսքեր ուղեցույց և կոչ են մարդկությանը.

«Մարդիկ ավելի շատ սիրո և հոգատարության կարիք ունեն, քան ուտելիքի», «Եթե դուք դատեք ինչ-որ մեկին, ապա ժամանակ չեք ունենա սիրելու», «Ես երբեք չեմ միանա շարժմանն ընդդեմ պատերազմի, կանչեք ինձ, երբ լինի շարժում հանուն խաղաղության»:       

Արքայադուստր Դիանա

Լեդի Դիանա Ֆրենսիս Սփենսերը՝ Ուելսի իշխանուհին, մահից հետո էլ շարունակում է մնալ բրիտանացիների սիրելին, նրան հիշում ու սիրում են ամբողջ աշխարհում:

Ուելսի իշխանուհի Դիանան հայտնի է նաև արքայադուստր Դիանա, Լեդի Դի անուններով, նա Բրիտանիայի արքայական ընտանիքի այն անդամներից էր, ով շփվում էր հասարակ մարդկանց հետ, նա ակտիվ զբաղվում էր բարեգործությամբ, Միավ-Ձիահի դեմ պայքարի առաջամարտիկներից էր: Իշխանուհին համարվում էր արքայական ընտանիքի ամենահայտնի և սիրված անդամը, բրիտանացիները նրան տվել էին «սրտերի թագուհի» անունը: Լեդի Դին բոլոր ժամանակների ամենահայտնի կին հասարակական գործիչներից է, արքայազն Չարլզի կինը նաև համարվում էր ոճի խորհրդանիշ, մինչ այսօր նրա կրած զգեստները հիացմունք են առաջացնում բոլորի մոտ:

Իշխանուհին մահացավ Չարլզից բաժանվելուց մի քանի տարի անց Փարիզում, ավտովթարհի հետևանքով: Նրա մահը ողբերգություն էր բրիտանացիների համար, երկար ժամանակ նրանք չէին հաշտվում իրենց սրտերի թագուհուն կորցնելու մտքի հետ: Դիանայի մասին գրվել են գրքեր, մահից հետո էլ նա շատ հարցումների արդյունքում մնում է Բրիտանիայի արքայական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը:

Լիլիթ Հայրապետյան
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին