Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Բայց ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը և արեցին ճիշտ ընտրություն, քվեարկությանը մասնակցելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ դիմումին։
«Այսօր խոսքն ասում է ժողովուրդը, ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի»,-ասաց Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը ի՞նչ սցենարի է պատրաստ Փաշինյանի հնարավոր հաղթանակի դեպքում։
Նա ասաց, թե ուրախ կլիներ, որ ցնցումներ չլինեին.
«Որովհետև ամեն մի ցնցում մեր երկրի զարգացումը հետ է գցում»,-ասաց Սամվել Կարապետյանը։
***
Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված և շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք որոշել մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշեն: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը:
«Շատ լավ տրամադրությամբ եմ գնում քվեարկության, մարտական տրամադրությամբ՝ ինչպես մեր հայ ժողովուրդը: Ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, ամեն մի ցնցում նորից հետ է գցելու մեր երկրի զարգացումը»,- նշեց նա:
Այնուամենայնիվ, Սամվել Կարապետյանը շեշտեց, որ այսօր որոշ հարցերին պատասխանելը վտանգավոր է. «Իրենք դա կարող է համարեն քարոզչություն և նորից մի 1000 մարդ ձերբակալեն»:
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարություններին, Կարապետյանն ասաց. «Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում, ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են»:
Հարցին, թե ինչի՞ մասին է վկայում միջազգային լրատվամիջոցների առատությունը՝ Կարապետյանը պատասխանեց, որ դա Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն է:
«Հայաստանը աշխարհի համար դարձել է նորմալ սուբյեկտ և բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում: Չգիտեմ, թե ում մասնակցությամբ է պայմանավորված»:
***
«Իհարկե, ընտրակաշառք չենք բաժանել, որ բաժանած լինեինք, հիմա ինձ նորից կալանավորած կլինեին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ՀԿԿ-ի կողմից տարածվող ձայնագրություններին։ «Այս պահին էլ ձերբակալություններ են կատարվում մեր համակիրների շրջանում, երեկ 100-ից ավելի հոգու են ձերբակալել, սարսափելի բան չկա»,- շարունակել է Կարապետյանը։


