▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճերմակափայլ ատամների առավելություններն ու հակացուցումները

 

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից հետո կատարված լուսանկարներն են, որտեղ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց ատամների ակնհայտ փոփոխությունները՝ շնորհիվ ճերմակափայլ վինիրների: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ արդյունքն ապշեցնող է, և ամենակարևորն այն է, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով, քանի որ, շնորհիվ ժամանակակից ստոմատոլոգիայի, կարելի է  հաշված ժամերի ընթացքում վերափոխել ծռմռված ու դեղին ատամները՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ: Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոպեդ Նժդեհ Շադոյանից:

1. Ի՞նչ խնդիրների առկայության դեպքում են տեղադրվում վինիրները:

- Միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը կազմում է էսթետիկ ստոմատոլոգիայի մի մասը, այսինքն՝ այս մեթոդը ապահովում է ատամների արտաքին տեսքը: Վինիրները հիմնականում օգտագործվում են ատամների ձևի խախտումների վերացման, մնացած ատամներից տարբերվող ատամնալիցքերի (պլոմբաների) հիմնովին փոխարինման, ատամի ճաքերի և վնասվածքների, միջատամնային տարածության խախտումների, սեպաձև թերությունների շտկման, մաշված ատամնաշարի վերականգնման, ատամների գունային փոփոխությունների կատարման նպատակներով: Վինիրները օգտագործվել են ԱՄՆ-ում դեռևս անցյալ դարի 30-ական թթ.-ին: Հեղինակը ֆրանսիացի հայտնի ստոմատոլոգ Չարլզ Պինկուսն էր: Հենց նա է կիրառել տվյալ տեխնոլոգիան՝ մի շարք աստղերի պարգևելով հոլիվուդյան ճերմակափայլ ժպիտ:

2. Ի՞նչ է իրենից ներկայացնում վինիրը:

- Վինիրները ճենապակյա, կերամիկական կամ կոմպոզիտային չափազանց  բարակ շերտից պատրաստված պաշտպանիչ ծածկույթներ են, որոնք ամրացվում են դիմային ատամներին: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ. դա է պատճառը, որ այսօր  ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է  ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Վինիրները հնարավորություն են տալիս ստանալ ատամների բնական տեսք: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ: Ի տարբերություն կոմպոզիտայինի՝ կերամիկական և ճենապակյա վինիրները հնարավորություն են տալիս վերականգնել ավելի շատ թվով ատամներ:

3. Ինչպե՞ս է կատարվում տեղադրման գործընթացը:

-Վինիրների տեղադրման համար բժիշկն առաջին հերթին կատարում է համապատասխան չափումներ և ընտրում ցանկալի գույն, այնուհետև ստացված մոդելն ուղարկվում է լաբորատորիա՝ վինիրի նախնական տեսքի պատրաստման համար, որին հաջորդում է ստացված նախնական մոդելի չափափորձարկման գործընթացը, իսկ եզրափակիչ փուլն արդեն վինիրի տեղադրումն է: Ողջ գործընթացի տևողությունը կազմում է մոտավորապես 3-5 օր:

4. Ի՞նչ խնամք են պահանջում տեղադրված վինիրները:

-Հիգիենայի մինիմալ կանոնների պահպանման դեպքում վինիրները կարող են ծառայել ավելի քան 10 տարի: Վինիրների ծառայելու ժամկետը մեծապես պայմանավորված է նրանց խնամքից, որը նրանց տեղադրման պահից մանրամասն բացատրվում է բուժվող հիվանդին: Ասեմ, որ վինիրների խնամքը ոչնչով չի տարբերվում սեփական ատամների խնամքից, դրանց պարզապես անհրաժեշտ է ամեն օր մաքրել ատամի խոզանակով և մածուկով: Ճիշտ է, վինիրները չեն ախտահարվում կարիեսով, սակայն հիգիենայի կանոնների անտեսման դեպքում կարիես կարող է առաջանալ ատամների այն հատվածներում, որոնք ծածկված չեն վինիրներով: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել ատամներով ընկույզ կոտրելու և շշեր բացելու մասին:

5. Կա՞ն արդյոք հակացուցումներ վինիրների տեղադրման համար:

-Հակացուցումները շատ չեն. հիմնական հակացուցումը պարոդոնտոզը՝ լնդային բորբոքումներն են, որոնց ժամանակ ատամները շարժվում են: Վինիրներ խորհուրդ չի տրվում նաև տեղադրել այն ատամներին, որոնք ախտահարված են կարիեսով: Տեղադրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բուժել տվյալ ատամը, այնուհետև տեղադրել վինիրը, քանի որ կարիեսով ախտահարված ատամները հիմնականում կորցնում են ամուր հյուսվածքի զգալի հատված, իսկ վինիրը չի կարող վերականգնել ատամի ամրությունը: Նմանատիպ խնդիրների դեպքում առավել նպատակահարմար տարբերակ կարող է հանդիսանալ շապիկի տեղադրումը: Վինիրներ խորհուրդ չի տրվում կիրառել նաև ատամի էմալի շերտի զգալի կորստի ժամանակ, քանի որ վինիրները տեղադրվում են էմալի շերտին, և եթե էմալի շերտը բավարար չլինի, ապա հնարավոր չի լինի ապահովել ցանկալի ամրություն: Գոյություն ունի նաև մի հասկացություն՝ «բրուկսիզմ»` մի սովորություն, որի ժամանակ մարդը մշտապես ամուր սեղմում է ատամները, տվյալ պարագայում նույնպես հակացուցված է վինիրների տեղադրումը, քանի որ բրուկսիզմի ժամանակ մարդը, տևական ժամանակ ամուր սեղմած պահելով ատամները, առաջացնում է ուժ, որը կարող է վնասել ինչպես ատամները, այնպես էլ տեղադրված վինիրները: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին