«Շատերիս համոզմամբ․ Բագրատ Սրբազանի և 17 համախոհների ձերբակալությունները և հարուցված քրգործերը շինծու են։ Ես ինքս, որ պայքարի աջակից եմ, շփվել եմ Սրբազանի հետ, հավաստում եմ, որ մենք երբևէ չենք քննարկել, չենք խոսել բռնի գործողությունների իրականացման մասին, էլ ուր մնաց՝ տեռորիզմ, այսինքն՝ այն որակումները, որ քրգործում տրվել են»,- ասուլիսի ժամանակ հայտնեց Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու անդրադառնալով ձայնագրություններին՝ նշեց, որ դրանք մանիպուլացված էին․ «Ձայնագրությունները կտրտված էին տարբեր տեղերից, տարբեր ժամանակների զրույցներից։ Բայց փաստաբանները հրապարակեցին ամբողջական տարբերակն ու հանրությանը հայտնի դարձավ, որ զրուցում ենք ես, Սրբազանն ու քննարկում ՀՀ-ն ուժեղացնելու տեսական մոտեցումներ»,- ասաց նա։ |
*** Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ «սկանդալային զրույցում Բագրատ Սրբազանի հետ խոսող Հովհաննես Ավետիսյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ որևէ մեղադրանք չկա։ Ի՞նչն է պատճառը, որ իրավապահները բոլորի հետևից եկան՝ բացի ձեզնից»։ Հարցին պատասխանեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը․ «Իրենք ձեռքի տակ ունեն բոլոր ձայնագրությունների օրիգինալները, գիտեն՝ էս մարդուն որ կանչեն հարցաքննության, պատմելու է էն ամենը, ինչն իրենք ունեն և ինչը խաղաղ անհնազանդության մասին է։ Դրա համար ես էսօր արձագանքեցի պարոն Ավետիսյանի հայտարարությանը՝ էստեղ ներկա գտնվել ու նոր նյութեր բերել գործից, հանձնել իրեն, որտեղ երևում է՝ ինչպես է ինքը որպես փորձագետ, փորձում ոչ բռնի, խաղաղ անհնազանդության ակցիաների վերաբերյալ դասախոսություն ընթերցում մի խումբ մարդկանց համար։ Բայց խիստ զարմացանք, որ տեսանք՝ նույնիսկ որպես վկա չի հրավիրվել»։ Ավետիսյանն ասաց, որ համակարծիք է Խուդոյանի հետ։ ***
|