▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Վաշինգտոնում

Ի՞նչ է կատարվում Վաշինգտոնում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Հաշվի առնելով հակամարտությունների երկարատև պատմությունը և այն, որ սա իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, կլինե՞ն հետևանքներ, եթե ինչ-որ պահի կողմերից մեկը քայլ կատարի հետ»,- դիմելով ԱՄՆ առաջնորդին՝ հարցրեց լրագրողը։ Թրամփն ասաց․ «Չեմ կարծում՝ դա տեղի կունենա։ Ես ասել եմ՝ փոքրիկ խնդիրներ միշտ էլ լինում են, մեծերը լուծված են։ Եթե խնդիր լինի, կզանգեն ինձ, կշտկեմ»։

Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթը

ՀՀ–ն, ԱՄՆ–ն և Ադրբեջանը ստորագրեցին համատեղ հռչակագիրը երեք օրինակով։

***

Հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն կրելու հիմքեր ենք դնում։ Այս բեկումանյին առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփ ներգրավվածության»,- իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի հակամարտությանը վերջ դնելու համար ու կբացի նոր դարաշրջան։

***

«Այս համաձայնագրով խաղաղության ենք հասնում։ Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, հարգել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Լուծել ենք մի կարևոր հարց, հռչակագրով նախատեսվում է այն, ինչ իրենք են անվանել, ինձ համար մեծ պատիվ է, ես չեմ խնդրել․ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարեկեցության, որը հատուկ տարանցիկ տարածք է, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ Նախիջևանին՝ լիովին հարգելով ՀՀ ինքնիշխանությունը»,– հավելեց ԱՄՆ նախագահը։ «ՀՀ-ն նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, որը կարող է մինչև 99 տարի ժամկետով երկարաձգել»,- նշեց Թրամփը։

***

Սպիտակ տանն ընթացող` Թրամփ-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին` Ղարաբաղի հայերին հնարավորություն կտրվի՞ վերադառնալու: Նիկոլ Փաշինյանը սակայն արհամարհեց հարցը և փոխարենն առաջարկեց Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի:

«35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»,- Սպիտակ տանը, եռակողմ հանդիպման ժամանակ, ելույթն այսպես սկսեց ԱՄՆ առաջնորդը։ «Մեծագույն պատիվ է բոլորին ողջունելու Սպիտակ տանը՝ այս պատմական գագաթնաժողովին։ Սիրում եմ, երբ լավ մարդիկ հավաքվում են մի տեղ։ Նրանք եկել են՝ ստորագրելու պատմական նշանակության հռչակագիրը, մեծագույն կարևորության փաստաթուղթ, որը երկար ժամանակ պատրատվեց»,- հավելեց Թրամփը։

***

Թրամփը հայտարարել է, որ Սյունիքով անխափան կապ է հաստատվելու Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի հետ

Թրամփը երթուղին «միջանցք» է անվանել և ասել, որ այն կրելու է իր անունը 

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությոինները հերքում էին միջանցքի մասին բոլոր լուրերը և բացառում դրա գոյությունը։

***

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսեց հալածված հայ քրիստոնյաների մասին հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Թրամփ, ուղերձ ունե՞ք հալածված հայ քրիստոնյաների համար», - հարցրել է Սպիտակ տան առջև հավաքված լրագրողներից մեկը։

Ի պատասխան՝ Թրամփն ասել է «շնորհակալություն» և մտել ներս։ Նա անտեսել է նույն հարցը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վաշինգթոնում տեղի է ունենում զրո վերջնարդյունքով մղձավանջի միջանկյալ արարը: Մղձավանջը, սակայն, չի ավարտվում:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:
Հ. Գ. Ռուսաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցեցված են»:

***

Ավարտվել է Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը
 
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործըթացի վերաբերյալ հարցեր: 

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:

***

Թրամփն ասել է, որ շատ վստահ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության։ Երբ Ալիևին դիմավորելու ժամանակ նրան հարցրել են, թե վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաստատվի երկարատև խաղաղություն, նա պատասխանել է. «Շուտով։ Ես բացարձակապես վստահ եմ»։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործնականում, Վաշինգթոնում կերտվում է ոչ թե խաղաղությունը կամ հայ-ադրբեջանական կարգավորումը, այլ թերևս 2026 թվականի խորհրդարանի ընտրությունը, կամ պարզապես` խորհրդարանի ընտրությունը»։

***

Մեկնարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում։ Այդ հանդիպումից հետո Թրամփն ընդունելու է Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահի հետ նույնպես Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, «ԱՄՆ-ն կստորագրի երկկողմ համաձայնագրեր՝ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որ լիովին բացահայտի Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։ Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է։ «Սա կլինի պատմական օր»,- գրել էր Թրամփը։

Ուղիղ միացումները՝ Նյուզ․am-ի և Առաջին ալիքի

***

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական «նախարարական» խունտայի ներկայացուցիչները, խաղաղության լոզունգներով կրկին ասպարեզ իջան, որպեսզի փափուկ բարձ դնեն ու նոր դամոկլյան սուր կախեն Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին:
Հանուն խաղաղության՝ իշխանափոխություն արին:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհեցին ու Արցախի մեծ մասը հանձնեցին: Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ՀՀ որոշ տարածքներ թողեցին օկուպացիայի տակ:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ամբողջ Արցախը նվիրեցին թշնամուն:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ՀՀ տարածքներից հողեր ու ռազմավարական բարձունքներ տալով ՝ «սահմանազատում» սկսեցին: Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության Բաքվի բանտերում ապօրինի գերության ուղարկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ ձերբակալել և կալանավորել են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների:
Չեղավ խաղաղություն:
Հանուն խաղաղության՝ Սյունիքով անցնող ճանապարհները ծառայեցվելու են թուրանական աշխարհի շահերին, իսկ արցախյան հարցը և արցախահայերի վերադարձի իրավունքը վերջնականապես թաղելու են ԵԱՀԿ ՄԽ-ից հրաժարվելով:
Խաղաղություն չի լինելու:
Հանուն խաղաղության՝ փոխելու են սահմանադրությունը՝ հայ ժողովրդին դարձնելով անդեմ, անինքնասեր ու անհայրենիք զանգված:
Խաղաղությունը միևնույն է չի գալու:
Փոխարենը՝ որոշ ժամանակ հետո լինելու է մասշտաբային բախում Հարավային Կովկասում:
Ամենաշատը ես եմ ցանկանում խաղաղություն: Կարող էի որևէ գրառում չանել, որովհետև մինչ այժմ բազմիցս զգուշացրել ենք նախապես և ցավոք իրականություն է դարձել: Իրականություն է դարձել ոչ թե, որ խելացի ենք, այլ, որ գործող կառավարիչներն են շատ ապազգային ու դավադիր:
Մի՛ խաբեք մեր միամիտ ու խաղաղասեր ժողովրդին: Հերիք է խաբելով նրա լավագույն զավակների նվիրումն ու հազարամյա հայրենիքը ծառայեցնեք ձեր ապազգային իշխանության տխրահռչակ գոյությանը:
Հ.Գ.
Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ հարգարժան նախագահ Դոնալդ Թրամփի և երջանկահիշատակ նախագահ Վուդրո Վիլսոնի գլոբալ առաքելությունների միջև: Նրանց ցանկությունները հայ ժողովրդի հանդեպ կարծում եմ անկեղծ ու բարի էին: Ուզում եմ հավատալ, որ բարի են նաև այսօր, բայց...
Երևի հասկանում եք ինչ եմ ասում»:

***

Լրագրող Գալուստ Նանյանն իր բլոգում գրում է․ 

Ժամեր հետո հրավառություն կսկսեն, թմբուկներ կծեծվեն, և ծիգրովկա կանայք կիջնեն փողոց՝ դեմքերին լայն ժպիտներ, ձեռքերով պաստառներ՝ «Խաղաղություն է» գրությամբ։

Բայց այդ նույն պահին, այդ նույն «խաղաղության» ստվերում, հայ ընտանիքներում և ընկերական սեղանների շուրջ նորից կբոցավառվի հին, երբեք չլռող բանավեճը․

  • «Նիկոլը ճիշտ էր»
  • «Սերժը սխալ»
  • «Մինչև 2018-ը լավ էր»
  • «Ոչ, մինչև 2018-ը կոռուպցիա էր»…

Արդյունքում՝ մենք շարունակում ենք մնալ բաժանված, պատառ առ պատառ, իրար դեմ ուղղված։ Մենք այլևս չենք խոսում որպես մի ազգ։ Մենք քննարկում չենք ունենում՝ մենք բզկտվում ենք։ Եվ մինչ մենք ինքներս մեզ ենք կեղեքում, մեր գլխավերևում թելեր քաշողներն ավելի հանգիստ ու վստահ են դառնում։


Միջանցքը՝ խաղաղությա՞ն, թե վերահսկողության ճանապարհ

 Ռազմական ներկայություն
Տարածքում, որտեղ այսօր քննարկվում է այսպես կոչված միջանցքի բացումը, դեռ գործում է ռուսական ռազմաբազա։ Այսինքն՝ ոչ մի ինքնիշխան որոշում դեռ կայացված չէ, իսկ վերահսկողության իրական պատկերը մշուշոտ է։

 Հայաստանի շահերի բացակայություն
Որպես անկախ պետություն՝ մենք ոչ տնտեսական, ոչ ռազմավարական շահ չենք ստանում այս նախագծից։ Ավելի շուտ, վերածվում ենք անվճար մատակարարման գոտու՝ մարմնավաճառի, որին հիշում են միայն այն ժամանակ, երբ ինչ–որ բան պետք է անցկացնել։

 Երկաթուղու պատրանքը
Երբ խոսում են «միջանցքի տնտեսական օգուտներից», հաճախ հիշատակվում է երկաթուղու վերագործարկումը։ Բայց արդյո՞ք գիտենք՝ ով է այսօր կառավարում մեր երկաթուղին։ Այս հարցի պատասխանը շատերին կարող է սթափեցնել, և այդ մասին շուտով կխոսվի՝ լրագրողական նյութի տեսքով։


Ինչի՞ մասին են լռում

Միջանցքը ներկայացվում է որպես «խաղաղության ուղի», բայց այն խաղաղության համար չէ։ Դա վերահսկողության ուղի է՝ կառուցված ոչ թե մեր շահերի, այլ օտար ուժերի հաշվարկների հիման վրա։ Եթե այս ճանապարհը կյանքի կոչվի, այն կարող է դառնալ ոչ թե կամուրջ, այլ ելքի դուռ՝ մեր ինքնիշխանությունից։


Եզրակացություն

Խաղաղությունը չի կարող կառուցվել այնպիսի պայմանների հիման վրա, որոնք մեզ օտարում են մեր իսկ հողից։
Խաղաղությունը չի կարող լինել փշալարերով միջանցք։
Խաղաղությունը սկսվում է արժանապատվությունից։ Իսկ արժանապատվությունը՝ ինքնիշխանությունից։

***

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե կյանքի կոչվեց Զանգեզուրի միջանցք գաղափարը, ապա․
Ա․ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները կվերջանան։
Բ․ Այս միջանցքը շատ ավելի ուժեղացնելու է Ադրբեջանին, թուլացնելու Հայաստանը։
Գ․ Հայաստանը դառնալու է թյուրքական աշխարհից մեծապես կախում ունեցող երկիր։
Դ․ Հայաստանը կորցնելու է Ադրբեջանի վրա ազդելու վերջին լծակը։
Ե․ Հայաստանը դառնալու է թյուրքական տնտեսության կցորդը։
Ի վերջո՝ այդ միջանցքը մեզ որևէ կերպ պետք չէ։ Հարց․ եթե Նիկոլը կատարի հերթական դավաճանական և հակահայ քայլը, տրամադրի միջանցք․ ի՞նչ կլինի Հայաստանում։ Դժբախտաբար՝ ոչինչ էլ չի կատարվի։ Ինչպես ցույց է տվել նախկին փորձը, հայության դիմադրության ռեսուրսը հաջողությամբ մսխեցին ներկա քաղաքական «ընդդիմությունը» և քաղաքականության մեջ մտած «ազգափրկիչ» տերտերները։ Իսկ հայությունը․․․ Արցախի համար գրեթե չպայքարեց, Արցախը հանձնելու Նիկոլի ազգադավ ծրագրի դեմ գրեթե չընդդիմացավ, բայց պատրաստ է դիմակայել միայն Նիկոլի հակաեկեղեցական նկրտումներին։
Նիկոլը ստորագրելով այդ միջանցքի մասին փաստաթուղթը՝ ՀՀ դագաղին վերջին մեխն է խփելու․․․»։

***

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ Կովկասում տարանցիկ երթուղի կզարգացնեն և այն կկոչվի Թրամփի անունով:
Թե ինչպիսի կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռանկարային սպառնալիքներ ու մարտահրավերներ է առաջացնում այդ «անարգել» ճանապարհը, եթե իհարկե կյանքի կկոչվի, կխոսենք պաշտոնական տեղեկատվիթյունից հետո:
Իսկ մինչ այդ հետաքրքիր հարց է առաջացել...
Այսուհետ Հայաստանում եթե նոր ճանապարհներ բացվեն ու անվանվեն օրինակ «Թրամփի միջանցք», «Մակրոնի պողոտա», «Կայա Կալասի նրբանցք», պետք է վերահսկվեն հենց այդ երկրների մասնավոր կազմակերպությունների կողմի՞ց: Էս ա՞ տրամաբանությունը»:

***

«Արցախ Միություն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգթոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ:
Իհարկե, հակամարտային որոշ հարցերի շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել մնացած սկզբունքային հարցերի ու հակամարտության առաջնային զոհերի հիմնարար իրավունքների հաշվին:
Տեղեկատվական դաշտում առկա տվյալների համաձայն՝ հանդիպման օրակարգում ներառված չեն Արցախի և արցախցիներին վերաբերող հարցեր, օրինակ՝ Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը, արցախյան մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, Բաքվում պահվող բոլոր 23 հայ գերիների ազատումը և այլն։ Ընդ որում, ավելի քան տրամաբանական ու բարոյական կդիտարկվեր առնվազն գերիների վերադարձի հարցի լուծումը՝ որպես խաղաղության համար անհրաժեշտ մարդասիրական քայլ:
Հավասարապես մտահոգիչ են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին տեղեկությունները, ինչը դիվանագիտական մեծ պարտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս կառույցը հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, իսկ այն, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, փաստում են բազմաթիվ միջազգային իրավական ակտեր և նորմեր, ըստ որոնց՝ բռնի ուժով հաստատված ստատուս քվոն չի կարող լեգիտիմացվել։ Ավելին՝ խիստ տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները, որոնք բազմիցս հայտարարել են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ մեկտեղ Մինսկի խմբի լուծարման մտադրության մասին, այժմ կատարում են այդ ռազմավարական սխալը՝ առանց որևէ համաձայնագրի ստորագրման և նույնիսկ առանց գերիների ազատ արձակման կամ Ադրբեջանի կողմից մեկ այլ զիջման:
Արցախի 150,000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման ու անտեսման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել: Ուստի, ոչ ոք արցախցիներից ավելի չի ձգտում խաղաղության, սակայն հակամարտության կարգավորումը ինքնանպատակ չէ։ Կա պարզ ճշմարտություն՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լինել կենսունակ, եթե կողմերից մեկն ստանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ:
Արցախ Միությունը պահանջում է ՀՀ իշխանություններից կատարել Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները և հակամարտության կարգավորման գործընթացում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը:
Արցախ Միությունը նաև կոչ է անում ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին չանտեսել հակամարտության էությունն ու պատճառները և, որպես աշխարհակարգի գլխավոր երաշխավոր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ՀՀ բռնազավթված տարածքների վերադարձը Հայաստանին և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերացումը: Առանց հակամարտության այս և որոշ այլ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն ու համապարփակ խաղաղություն չի կարող գործել Հարավային Կովկասում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին