▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է` Հայաստանը երբեք էլ չմիանա ԵՄ-ին․․․ Նիկոլ Փաշինյան

Հնարավոր է` Հայաստանը երբեք էլ չմիանա ԵՄ-ին, բայց հիմնական նպատակը բոլոր ոլորտներում եվրոպական չափանիշներին հասնելն է. Փաշինյան

Վարչապետը կարծում է, որ երբ երկիրը հասնի այդ չափանիշներին, ԵՄ ընդունվել-չընդունվելու հարցը կդառնա երկրորդական: Շատերը նախկինում ընդունված  օրինագծում տեսնում են աշխարհաքաղաքական դրդապատճառներ, Փաշինյանը դա էլ է հասկանում, բայց վստահեցնում է` այստեղ ամենակարևորը ժողովրդավարական բարեփոխումներն են:

Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկմանը, որն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։

***

«Պետք է խոսենք ժողովրդավարության մեր ստանդարտի մասին: Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը, ինչպես ենք մենք այն պատկերացնում: Այսօր Հայաստանում ժողովրդավարության մի մասը պարզ հայհոյախոսություն է. ընդ որում ես չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա. ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա՝ ասելով, որ մենք հայհոյում ենք՝ հեր, մեր, երեխա, ծնող: Նույն քաղաքացիական հասարկությունը նույնիսկ ստիպված է արդարանալ, թե ինչու է ինքը բարևում իշխանությանը»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին։ «Ես քաղաքացիական հասարակությանը հարց ունեմ՝ այդ հայհոյախոսության դեմ ո՞վ է պայքարում Հայաստանում, ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւնն է, մանկահասակ երեխաներին սեռական բնույթի հայհոյանքներ տա՞լն է, դա՞ է ժողովրդավարությունը։ Կա՞ այնպիսի մի կազմակերպություն, որ դատապարտում է հայհոյախոսությունը, եթե կա, ես կծափահարեմ, եթե երկուսը լինի՝ հոտնկայս կծափահարեմ»,- ասել է վարչապետը։

***

«Ռեֆորմների ռեֆորմը, որ մենք պետք է անենք, նոր Սահմանադրության ընդունումն է, որը նաև օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի և իրավակարգի միջև»,-Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել և Սահմանադրության օգտին չի քվեարկել: «Այստեղ օրգանական հարցն այն է, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում, որովհետև ինքը չի համարում, որ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ, գիտեք, ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով: Էսօրվա ՀՀ Սահմանադրությունն ու իրավակարգը նույնքան ատելի են մեր ժողովրդի համար, ինչքան ատելի են եղել նախկիններում՝ խորհրդային միության, ռուսական, օսմանյան, պարսկական կայսրության կողմից իրեն պարտադրված օրակարգը, որովհետև այն ժամանակ էլ, հիմա էլ ինքը համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է էդ իրավակարգը»,- նշել է վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին