Հոկտեմբերի 24-ին մեկնարկել էր Հայաստանի պարային 5-րդ օլիմպիադան, որի կազմակերպման բացառիկ իրավունքը տրված է Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիային: «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը գործում է 2007 թ.-ից: ՀԿ-ի ռազմավարական ուղղություններից է Հայաստանում քարոզել առողջ ապրելակերպ պարային սպորտի միջոցով, կազմակերպել և անցկացնել վարպետության դասընթացներ, ֆորումներ և կոնֆերանսներ:Երեկ տեղի ունեցավ առանջնության ամփոփումը, որի ընթացքում լավագույն պարողներն ու խմբերն արժանացան մրցանակների ու պարգևների: ԿԱՀԱ-ն հանդիսանում է Միջազգային պարային կազմակերպության (IDO), (WADA), Չերլիդինգի Միջազգային Միության (ICU) և Չերլիդինգի եվրոպական միության (ECU) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ժյուրիի կազմում հանդես էին գալիս Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը, միջազգային կարգի մրցավար, Համաշխարհային արվեստի և պարի ալիանսի Բելառուսի ներկայացուցիչ Լիլիե Միրոնենկոն, միջազգային կարգի մրցավար, Համաշխարհային արվեստի և պարի ալիանսի Վրաստանի ներկայացուցիչ Վալեենտինե Կուզմիդին, իսկ ժյուրիի նախագահը միջազգայի կարգի մրցավար, Ռուսաստանի օլիմպիադայի օլիմպիական կազմի նախագահն Անդրեյու Կակաուլինն է:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը նշեց, որ ԿԱՀԱ-ն Հայաստանում ներկայացնում է մի քանի միջազգային պարային կազմակերպություններ կազմակերպություններ, որոնցից են Համաշխարհային պարային կազմակերպությունը , Արվեստի և պարի համաշխարհային ալիանսը, որի ներքո էլ անցկացվում է օլիմպիադան:
Իր խոսքում պրն. Մեսրոպյանը նշեց, որ օլիմպիադայի նպատակը մեկն է՝ Հայաստանում զարգացնել տարբեր պարային ուղղություններ՝ հավելելով, որ Հայաստանում տարեց տարի զարգանում են ժամանակակից պարային ուղղությունները, որոնց խթան են հանդիսանում նմանօրինակ առաջնությունները:
Արտաշես Մեսրոպյանը փաստեց, որ գրանցել են բազմաթիվ հաջողություններ համաշխարհային ասպարեզում՝ նշելով Գարիկ Պետրոսյանի անունը, ով այս տարի Մոսկվայում կայացած Համաշխարհային պարային օլիմպիադայի «Ժողովրդական պարերի աշխարհի առաջնության» ժամանակ ոսկե մեդալի է արժանացել:
«1350-ից ավելի մասնակից ունեցանք, նախորդ տարվա համեմատ՝ 200-ով ավելի: Այս տարի մասնակիցներ ավելացան Ռուսաստանից, Բելառուսից և Վրաստանից: Մի շարք երկրներ էլ արդեն իսկ հայտնել են, որ մասնակցելու են հաջորդ տարի հոկտեմբերին կայանալիք պարային օլիմպիադային»,- իր խոսքը եզրափակեց ԿԱՀԱ-ի նախագահ Արտաշես Մեսրոպյանը:
Այս տարի առաջին անգամ ժյուրիի կազմում ընդգրկված պարուհի Թինա Քեյն Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ուրախ է, որ Հայաստանում նույնպես կազմակերպվում է այս օլիմպիադան, որը հնարավորություն է տալիս հայ մասնակիցներին ելույթ ունենալու ու կատարելագործվելու:
«Մեզ համար արդեն իսկ հաղթանակ է այն, որ ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի օլիմպիադայի օլիմպիական կազմի նախագահ Կակաուլինը»,-իր խոսքում նշեց Թինա Քեյը՝ հավելելով, որ իր համար օլիմպիադայի ընթացքում առաջատարը պարային շոուն էր:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան