«Ուրիշի կարծիքն ինձ համար հիմք չի հանդիսանում». ահա այս կարգախոսով է առաջնորդվում անհավանական ֆիզիկական ուժի տեր Վահե Սաքոյանը: Վերջինս Հայաստանում իր ֆիզիկական կարողությունների շնորհիվ անում է այնպիսի հնարքներ, որոնք իրենց բնույթով տարբերվող են ու նորություն հայ իրականության համար (մեխ ծռելով՝ տարբեր պատկերներ ստանալ, մի շարժումով գիրք պատռել, թավա ծռել և այլն): Asekose.am-ը զրուցել է Վահեի հետ նրա այս կարողության և գործունեության մասին:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Վահեն սկսել է նման հնարքներ անել շատ պատահական: «Զբաղվում էի ձեռնամարտով ու տեսնում էի, որ արտասահմանում կան ֆիզիկական մեծ ուժի տեր մարդիկ, ովքեր դրա համար մեծ հարգանքի էին արժանանում հասարակության կողմից: Ես էլ փոձեցի դառնալ նրանցից մեկը»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով իր ունեցած ֆիզիկական մեծ ուժին ու յուրօրինակ զբաղմունքին՝ Վահեն նշեց, որ իր համար շատ վիրավորական է այն, որ մարդիկ շատ հաճախ հարցնում են, թե ինչու է սրանով զբաղվում, մի՞թե ափսոս չեն այն բոլոր իրերը, որոնք կոտրում կամ ծռում է:
«Հայաստանում, ցավոք, իմ այս զբաղմունքը չի ընդունվում, մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու եմ ես նման հնարքներ անելով զբաղվում»,- փաստեց Վահեն, ապա հավելեց. «Անշուշտ, ֆիզիկական ուժը մարդուն առաջին հերթին ինքնավստահություն է ներշնչում, սակայն այն միշտ պետք է ճիշտ օգտագործել»:
Մեր զրուցակիցն իր այս անհավանական թվացող հնարքներով միայն մի նպատակ է հետապնդում. «Ուզում եմ բոլորին ապացուցել, որ մարդու ներքին ուժը կարող է նրան ստիպել անել շատ բաներ, որոնք կապված են ֆիզիկական հնարավորությունների հետ»:
Երկաթին «հաղթել» կարողացող Վահեն փորձում է իր հնարքներով ցուց տալ, որ այն մարդը, ով ունի ֆիզիկական լավ տվյալներ ու դրանք կարողանում է նպատակին ծառայեցնել, կկարողանա դիմանալ կյանքի գրեթե բոլոր դժվարություններին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
«Երբ նավաբեկություն է լինում, մարդիկ փորձում են ամեն կերպ փրկվել, այլ ոչ թե սպասում են, թե նավը երբ է խորտակվելու: Իմ կյանքի դժվար պահերին ես չեմ կոտրվում կամ օրերով լաց լինում, այլ փորձում եմ այդ ուժն ու էներգիան ավելի նպատակահարմար ձևով օգտագործել: Այդ պահերին դա դառնում է ինքնադրսևորման մի ձև»,- զրույցի ընթացքում անկեղծացավ Վահեն:
Կյանքով լեցուն ու ֆիզիկական մեծ ուժի տեր Վահե Սաքոյանը, ով, թվում է, թե կարող է հաղթել բոլորին ու ամեն ինչին, իրականում սովորական մարդ է, ով ունի իր վախերը:
«Վախենում եմ միայն մի բանից, որ չհասցնեմ կյանքում անել այն ինչ մտադրվել եմ, քանի որ ուզում եմ հետք թողնել ինձնից հետո, ուզում եմ մեր երիտասարդներն իրենց ֆիզիկական կարողությունները կարողանան ճիշտ օգտագործել, այլ ոչ թե փորձեն դրանով վնասել շրջապատին»,-Asekose.am-ի հետ զրույցը սահմանափակեց Վահե Սաքոյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան