Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը. Ուղիղ միացում Մայր Աթոռից
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: |
|
«Շատ կարևոր է, որ մեզ առաջնորդեն Ավետարանական պատվիրանները, Աստվածային սերն ու օրհնությունը՝ անկախ նրանից ինչ իրավիճակում ենք, Քրիստոսի պատգամները չեն փոփոխվում»,- Մայր տաճարի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հավելելով, որ Քրիստոսի հարության ավետիսը մեզ համար մխիթարություն է՝ հավատաքի մեջ զորանալու ու կյանքն է՛լ ավելի արժևորելու։ |
Դիտեք նաև՝
ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍԲ. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հավատացյալներ, այս լուսավոր և օրհնյալ առավոտը գուցե շատերի համար սկսվել է սովորականի պես. արթնանալ, պատրաստվել, զբաղվել առօրյա գործերով, մտածել նրա մասին, թե ինչ է մեզ խոստանում օրը։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ այն ոչնչով չի տարբերվում մյուսներից: Բայց լինում են օրեր, որոնք արտաքուստ սովորական, իսկ ներքուստ էապես տարբերվող են, ներունակ ամբողջովին փոխելու մարդու տեսողությունն ու զգացողությունը կյանքի հանդեպ: Ա՛յս օրը հենց այդպիսիններից է։ Օր, երբ մեր սրտերը լցվում են անանց ուրախությամբ, քանզի կրկին ականատես ենք դառնում մեր փրկության մեծագույն խորհրդին. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Օր, երբ այս խոսքը հնչում է ուրախության, վշտի, կորստի, սպասման մեջ գտնվող անհամար մարդկանց շուրթերով։ Օր, որ մեզ հիշեցնում է՝ չկան այնպիսի փակուղիներ, որոնցից ելք չկա, չկան այնպիսի անկումներ, որոնցից հետո վեր բարձրանալը հնարավոր չէ, և, վերջապես, որ մարդու մեջ կա մի զորություն, որն օգնում է ոտքի կանգնել, նորոգվել և շարունակել ճանապարհը: Եվ այդ զորության ներկայությունն է, որ այս օրը դարձնում է խորախորհուրդ։
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»…. Թեև այս ավետիսն ամեն անգամ հնչում է նույն կերպ, բայց այն յուրաքանչյուրիս մեջ արձագանքվում է յուրովի, յուրաքանչյուրիս սրտում բացվում նոր իմաստներով՝ իբրև ոչ միայն հիշեցում կատարված հրաշքի, այլև ապրվող իրականություն մարդու ներքին վերափոխման և նոր կյանքի հույսի։ Շատերս դա հասկանում ենք, երբ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ այլևս ոչինչ չի օգնում՝ ո՛չ խոսքը, ո՛չ ուժը, ո՛չ ծրագիրը։ Եվ հենց այդ պահին աննկատ սկսվում է մի այլ ընթացք։
Սբ. Հարության տոնն ա՛յդ ընթացքի մասին է։ Այն չի վերացնում կենսական դժվարությունները, չի ջնջում անցյալը, բայց բացում է մի հեռանկար, որ մինչ այդ փակ էր թվում։ Այն չի ստիպում, տալիս է հնարավորություն: Չի աղմկում, գործում է լուռ՝ մեր ներսում: Եվ այդ պատճառով է, որ այս ավետիսը չի հնանում։
Սիրելի՛ հավատացյալներ, մենք հաճախ սպասում ենք մեծ փոփոխությունների, մեծ նշանների, մինչդեռ երբեմն ամենակարևոր շրջադարձերը սկսվում են այլ տեղից՝ մեր իսկ ներսից՝ արտահայտվելով մեր մտածողության մեջ, ինքներս մեզ և ուրիշների հետ մեր հարաբերություններում, մեր ընտրություններում: Երբ, կանգնելով դժվարության, կորստի կամ անորոշության առջև, մենք չենք կործանվում ներսից, այլ գտնում ենք շարունակելու ուժ, հենց այդտեղ է սկսվում հարության ճանապարհը։ Եվ հենց այդպիսի շարունակության մեջ, երբ ոչինչ կարծես չի փոխվում, մենք իրականում սկսում ենք ապրել այլ կերպ՝ ավելի սթափ, ավելի վստահ, ավելի ուժեղ, հավատով ավելի լեցուն: Հարության լույսը հենց այդպե՛ս է գործում։
Ուստի, սիրելի՛ զավակներ, թող Սուրբ Հարության ավետիսը չմնա լոկ խոսք, այլ դառնա ապրող իրականություն ձեր առօրյա կենսագործունեության մեջ։ Թող այն զորացնի ձեզ դժվարությունների մեջ, ուղղորդի ձեզ կասկածների պահին և լուսավորի ձեր ճանապարհը, երբ ամեն ինչ մթագնած է թվում։ Թող ձեր ընտանիքներում հաստատվի խաղաղություն, ձեր սրտերում՝ վստահություն, և ձեր կյանքում՝ այն նորոգությունը, որ պարգևում է Հարության խորհուրդը:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»։
***
|
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ |


