▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրկում էին, ես փոքր էի...Եղեռնը ականատեսի աչքերով

Մարգո տատն առաջվա առույգությունը չունի, հիշողությունն էլ մեկ կորչում, մեկ «վերադառնում» է, բայց որդիներին հասցրել է փոխանցել ցեղասպանության ողջ սարսափն ու ծաղկուն գերդաստանի ողբերգությունը։ Վերջին շրջանում գամված է անկողնուն։ Ջարդի մասին հարցերին ի պատասխան՝ մոլորված հայացքը հառում է այսուայնկողմ, հիշողության հեռավոր անկյունները փորփրելուց հետո արտաբերում. «Ես գրկում էի, ես փոքր էի...»։ Օգնության հասած որդին մոր պատմությունը ծայրից ծայր գիտի՝ բոլոր մանրամասներով։ Օգնում է մտաբերել 102 տարի առաջ ծաղկուն ընտանիքի բոլոր անդամներին. «Ես էի, ախպերս էր..Չէ, ախպերս չկար, ես էի, պապաս էր, մերս էր, տատս էր...»։ Մարգարիտա Չիլինգարյանը ծնվել է 1913 թ. մայիսի 5-ին Արևմտյան Հայաստանի Իզմիրի վիլայեթի Կընըկ գյուղում։ Գրիգոր պապն առևտրական է եղել, խանութ է ունեցել Իզմիրում։ Որդին օգնել է հորը, բայց ունեցել է նաև սեփական արհեստ՝ կոշկակարությունը։ Գրիգորը քաղաքի թուրք մեծամեծերի հետ է նստել-վեր կացել։ 1922-ին կոտորածի լուրը հասնում է Կընըկ։ Հայ ֆիդայական խմբերը զգուշացնում են, սակայն թուրք մեծավորները շտապում են հանգստացնել. «Գրիգոր, ասում են, դու ինչու ես հավատում։ Էդպիսի բան չկա, նրանք խմբով կգնան, նորից կվերադառնան իրենց տները; Խաբում են, ինչի հետևանքով պապիկը մնում է, ճանապարհները փակվում են, թուրքերը մտնում են գյուղ»,-պատմում է Կարապետ Չիլինգարյանը։ Մորական տատի հետ ընտանիքը բռնում է գաղթի ճանապարհը, գնում են Հունաստան, հասնում Սալոնիկ, բայց քանի որ այստեղ գաղթականներ շատ կային, նրանց նավ են նստեցնում և տեղափոխում Կրետե կղզի։ Այստեղ էլ հաստատվում են, ապրում 25 տարի։ Հոր արհեստն օգնում է ստեղծել սեփական գործը։ Մայրը կոշիկի երեսներն էր կարում, հայրն ու եղբայրը՝ կոշիկները։ Տիկին Մարգարիտան հիշում է՝ Հունաստանում տատը միշտ քնելուց առաջ գլխաշորը հանում էր, փաթաթում, դնում բարձի տակ։ Ամեն անգամ իր հարցին, թե ինչ է թաքցնում, ասում էր՝ «հեչ բան»։ Բազմաթիվ թախանձանքներից հետո ի վերջո գլխաշորը բացում է և ցույց տալիս խնամքով շարված թուրքական ոսկեդրամները; Դրանք էլ օգնել են շուտ ոտքի կանգնել։ Տարիների ընթացքում հայրը հարուստ և ճանաչված արհեստավորի համբավ է ձեռք բերել; Հունաստանում Մագարիտան ամուսնացել է նույն գյուղից գաղթած հարևանի որդու հետ։ Առաջին անգամ հիշում է մանրամասներ, որոնք մինչև հիմա որդին չի իմացել. «Պապան չէր թողնում ինձի , որ գնամ; Ես էլ ասեցի՝ չես թողնի, կփախնեմ, կերթամ»։ 5 երեխա ունեցան։ Հիմա 2 եղբայրն ու 1 քույրն են ողջ։ 1946-ին, հայրենադարձությունը սկսվելուն պես, եկան Արևելյան Հայաստան։ Հիմնավորվեցին Կիրովականի Երրորդ մաս թաղամասում։ Տարիների ընթացքում ընտանիքը նոր շառավիղի սկիզբ դրեց։ Կարապետը տետրում խնամքով կազմել է Չիլինգարյանների տոհմածառը։ Մարգո տատը 10 թոռ, 17 ծոռ ունի, 1 կոռ։ Երջանիկ ծերություն է վայելում։ Հայը ապրում է։ Նա հիշեցնում է նոր սերունդերին հին բնօրրանի տերերի մասին, պատմում աշխարհին հայրենազրկման ու Հայ Դատի մասին։ Նա հավերժության գենի կրողն է։

Հերմինե Զարմանյան

Լուսանկարները՝ Նարեկ Մարգարյանի

Տեսանյութը՝ հեղինակի

Lorinews.am 2015

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին