▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Մելիքսեթյան․ Երիտասարդներին պետք է փոխանցենք մեր փորձը

2021 թ. ապրիլի 14–մայիսի 3-ը «Փյունիկ» ՖԱ-ում անցկացվեցին ակադեմիայի բոլոր տարիքային խմբերի սելեկցիոն աշխատանքները։  Այսօր մենք զրուցել ենք սելեկցիոն աշխատանքի համակարգողներից մեկի՝ հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր դարպասապահներից մեկի՝ Գրիգոր Մելիքսեթյանի հետ։

— Բարև Ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Խնդրում ենք կիսվեք սելեկցիոն աշխատանքների մասին և ինչպես եք գնահատում սելեկցիոն աշխատանքները։

— Բարև Ձեզ։ Սելեկցիոն աշխատանքները շատ բարձր մակարդակի վրա էին, մեր ակումբի մարզիչների հետ համատեղ արեցինք առավելագույնը, որպեսզի ստեղծենք նպաստավոր պայմաններ, որ ֆուտբոլիստները կարողանան ցուցադրեն իրենց առավելագույնը։ Մենք ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք օրեցօր առաջադիմում են։ Կան ֆուտբոլիստներ, որոնց զարգացումը ընդհանում է ավելի արագ, և ուստի անհրաժեշտ է, որպեսզի ֆուտբոլիստները հանդես գան իրենց խաղամակարդակին համապատասխան ֆուտբոլիստների կողքին և թիմում։ Այս ամենը կնպաստի, որպեսզի ֆուտբոլիստների համար ստեղծվեն ավելի մրցակցային պայմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի ֆուտբոլիստների զարգացմանը։

— Դուք հանդիսանում եք գործող ֆուտբոլիստ, և ինչպե՞ս ստացվեց, որ հենց ձեզ վստահվեց այս կարևորագույն աշխատանքը՝ գնահատել և ընտրել ակումբի դարպասապահներին։

— Ճիշտն ասած, ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր ակումբի կողմից հրավիրվել որպես ժյուրիի անդամ։ Այն փաստը, որ ես գործող դարպասապահ եմ և ամենօրյա ռեժիմով գտնվում եմ բարձր մրցակցության պայմաններում, ինձ համար ավելի հեշտ էր գնահատել դարպասապահների հոգեբանական պատրաստվածությունը և խաղային որակները։

— Դուք որպես անվանի դարպասապահ ինչպե՞ս կգնահատեք դարպասապահների որակները և առաջադիմությունը։

— Մենք իսկապես ունենք շատ լավ դարպասապահներ, որոնց հետ ճիշտ աշխատելու դեպքում ապագայում կունենանք հուսալի և հզոր դարպասապահներ։

— Նմանատիպ սելեկցիաները ի՞նչ նպատակներ են հետապնդում և ինչ կարող են տալ ակումբի ֆուտբոլիստներին։

— Մեր ակումբի նպատակն է մշտապես ֆուտբոլիստներ մատակարարել ազգային տարբեր տարիքային հավաքականներ և հնարավորություն ստեղծել, որպեսզի լավագույն դարպասապահները համալրեն «Փյունիկ» ՖԱ գլխավոր թիմի կազմը։

— Շնորհակալություն ենք հայտնում ձեզ հարցազրույցի համար և հուսով ենք, ապագայում կունենանք նոր «Մելիքսեթյաններ»։ (ժպտում է)

— Ձեզ ևս շնորհակալություն։ Հուսով եմ, որ մենք կունենանք էլ ավելի ուժեղ դարպասապահներ։

Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին