Հետք.am-ը գրում է․ Մոտ մեկ տասնյակ կին գուշակի խարդախության զոհ է դարձել «ՏիկՏոկ»-ում։ Նա կարողացել է արժանանալ այդ կանանց վստահությանը, մանրամասներ իմանալ նրանց ընտանիքի մասին, ապա համոզել, որ ինքը կարող է ընտանիքի անդամներին «ազատել չար ուժերից» և «նավսը հանել»: Դրա դիմաց գուշակը վերցրել է ոսկյա զարդեր ու գումարներ:
Օնլայն գուշակություն՝ վստահության եւ ոսկու գնով
2024 թվականի մարտին Անի Հակոբյանը (անուն, ազգանունը փոխված է) «ՏիկՏոկ» սոցիալական հարթակում ծանոթացել է Նարինե Մանուչարյանի հետ, որն ուղիղ եթեր էր անում, նոր ծանոթություններ հաստատում։ Նրանք ընկերացել են, սկսել շփվել, պատմել միմյանց իրենց ընտանիքների մասին, Նարինեն փոստով հաճախակի նվերներ է ուղարկել Անիին։ Նարինեն ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այդպես մտերմություն է հաստատվել ու տեւել ինը ամիս։
Դեկտեմբերին Նարինեն ասել է, թե տեսնում է, որ Անին լուրջ խնդիրներ ունի, առաջարկել է իր օգնությունը՝ գուշակություն։ Չար ուժերի ազդեցությունը չեզոքացնելու համար ասել է, որ պետք է ոսկյա զարդեր ուղարկի։
«Սկզբում շատ նորմալ էր, ընկերական էր վերաբերվում։ Մտերմացավ, հարազատի պես էր պահում իրեն, անհանգստանում մեզ համար։ Հետո սկսեց պատմել, թե գուշակ է, գերբնական ունակություններ ունի, մարդկանց Ամերիկա է ճանապարհել, մեկին բանտից է փրկել, մեկին՝ մահից։ Ես սկզբում չէի հավատում։ Ասում էր՝ խնդրում եմ, թույլ տուր քեզ էլ օգնեմ։ Վեց ամիս շարունակ աշխատեց վրաս, հիմա որ հիշում եմ, մտածում եմ՝ ո՞նց կարող էի հավատալ»,-պատմում է Անին։
Անիի խոսքով՝ Նարինեն խոստացել է օգնել մարել իրենց ընտանիքի վարկերը. «Ասում էր՝ դուք հարազատ եք, ուզում եմ օգնել։ Ասաց՝ ամուսինս վարկ ունի՝ մեկ միլիոն դրամ, եթե դա օգնեք փակենք, ես մեծ վարկ կվերցնեմ՝ հինգ միլիոն, կտամ ձեզ, դուք էդ վարկը կփակեք։ Մենք էլ հավատացինք, փոխանցեցինք էդ գումարը, որ էդ վարկը փակվի, մեզ համար վարկ վերցնի։ Բայց ոչ հինգ միլիոնը ստացանք, ոչ էլ գոնե մեր փոխանցած մեկ միլիոնը հետ ուղարկեց»։
Գումարը փոխանցել էին Նարինե Մանուչարյանի ամուսնուն՝ Արթուր Սարգսյանին։ Հետո ամիսներ անց Նարինեն ասել է, թե բանկը նրանց վարկը չի հաստատում և չեն կարող խոստացած գումարը տրամարդրել։
Գումարից բացի, Նարինեն Անիից վերցրել է ոսկյա զարդեր՝ իբր «նավսը հանելու» և «չար ուժերից ընտանիքը պաշտպանելու» համար։ «Ասում էր՝ ոսկով պիտի մաքրվի էներգիան։ Ասում էր՝ պիտի ոսկին գցի գետը, մի կտոր ոսկի էլ որպես շնորհակալություն իրեն ենք ուղարկել նվեր։ Ստացվում է, որ մեզ պատճառել է 1 մլն դրամի վնաս, գումարած՝ 4 ոսկյա զարդ ենք ուղարկել, երեքը՝ չար ուժերը մաքրելու համար, մեկը՝ որպես նվեր»,-պատմում է Անին։
Նա իր եղբոր ընտանիքին էլ է ներգրավել։ Նարինեն ասել է, թե Անիի եղբայրը շուտով մահանալու է, քանի որ եղբոր ընտանիքի վրա «թուղթ ու գիր կա»։
«Ասում էր՝ եթե ես մաքրվեմ, պիտի ընտանիքս էլ մաքրվի։ Սկսեց վախեցնել, թե եղբայրդ մահանալու է, վերջին տարին է։ Շատ էի վախեցել։ Նարինեն համոզել էր, որ քանի որ եղբորս տանը «նավս կա», ես նրանց տուն գնալով ամեն անգամ «նորից կեղտոտվում եմ» և պետք է երկրորդ փուլով «մաքրվեմ», հետո էլ իրենց վրայից պիտի «հանի նավսը»: Հիմա իսկապես հիշում եմ, ամաչում եմ, բայց ինքն ասում էր, որ իր շնորհը ոչ թե չար ուժերից է, այլ Աստծո կողմից, մոմեր էր գնում, ասում էր, որ տանում է մոմերը եկեղեցում օրհնում, շատ համոզիչ էր»,-պատմում է Անի Հակոբյանը։ Այսպիսով, եղբոր ընտանիքը նույնպես դարձել է գուշակի զոհը։
Անին Նարինեի հետ կապն ընդհատել է 2025-ի մայիսին, երբ հասկացել է, որ նա խաբեությամբ է զբաղվում։ Երբ այդ մասին բարձրաձայնել է, Նարինեն սկզբում հերքել է, ապա չի պատասխանել զանգերին և նամակներին։Անիի ամուսինն է զանգահարել Նարինեի ամուսնուն՝ Արթուր Սարգսյանին, վերջինը խոստացել է, որ առաջիկայում պարտքը կմարեն, կվերադարձնեն ոսկյա զարդերը, բայց խոստումը չեն կատարել։
Անին խնդրել է չհրապարակել իր անունը, քանի որ հարազատներն ու բարեկմները տեղյակ չեն։ Նա և եղբոր ընտանիքը հանցագործության մասին հաղորդում են տվել։ Բայց նրանք միակը չեն, որ տուժել են գուշակի գործունեությունից։
Նույն մեթոդը՝ նոր զոհերով
2024-ի նոյեմբերին Լիլիթ Հարությունյանը (անուն, ազգանունը փոխված է քաղաքացու խնդրանքով) ծանոթացել է Նարինե Մանուչարյանի հետ։ Նա դայակ էր մի ընտանիքում, որոնց միջոցով էլ իմացել է Նարինե Մանուչարյանի մասին։
«Ինձ որ պատմեցին, չէի հավատում, ասում էի՝ սուտ բաներ են, հետո, երբ սկսեց մի քանի բան իր պատմածներից համընկնել, մտածեցի՝ գուցե ճի՞շտ է»,-պատմում է Լիլիթը։
Նրա որդին աշխատում է իրավապահ համակարգում, ինչի մասին տեղյակ է եղել Նարինե Մանուչարյանը, սակայն այդ հանգամանքը նրան չի զսպել՝ Լիլիթից ոսկյա զարդեր և գումար է պահանջել։
Լիլիթը Նարինեին փոխանցել է 200 հազար դրամ, ինչպես նաև՝ ոսկյա զարդեր։ Նրանք նույնպես երբեք չեն հանդիպել, շփվել են տեսազանգերով։
Նարինե Մանուչարյանը Լիլիթին ասել է, թե տեսնում է, որ որդին անհաջողություններ ունի, խնդիրներ անձնական կյանքում և աշխատավայրում։ Առաջարկել է օգնել։
«Իմ տղան չգիտի, մեր ընտանիքից ոչ ոք չգիտի էս մասին։ Քանի որ տղաս էլ ոչ մի բան չէր պատմում ինձ իր աշխատանքից, անձնականից, մտածում էի, որ գուցե ճիշտ է, գուցե, իրոք, ինչ֊որ պատմությունների մեջ է հայտնվել։ 5 կտոր ոսկի եմ ուղարկել։ Երկուսի դեպքում ասում էր՝ մատանու ոսկին քիչ է, քարը՝ մեծ, պիտի էնպիսին ուղարկեմ, որ ոսկին շատ լինի։ Չի վերադարձրել, ասում էր՝ դա իր գործի մեջ է օգտագործվում, գետն է գցում, մեկն էլ իր մոտ պիտի պահեր որպես նվեր»,-պատմում է Լիլիթը։Նա ոստիկանություն չի դիմել, քանի որ վախենում է ընտանիքի արձագանքից։
Գուշակություն՝ վախի և մանիպուլյացիայի միջոցով
Հասմիկ Վարդանյանը նույնպես Նարինե Մանուչարյանի խարդախության զոհն է։ Նա հարազատներից մեկի միջոցով է ծանոթացել Նարինեի հետ։
«Սկզբում Նարինեն ասում էր՝ «թուղթ ու գիր» կա ձեր վրա, եթե չմաքրենք, ամուսինդ կմահանա։ Հետո ասաց՝ մայրդ կմահանա, եղբայրդ կմահանա։ Ընտանիքիդ հետ դժբախտություն է կատարվելու։ Ամեն անգամ նոր բան էր հորինում։ Ասում էր՝ մոմեր եմ գնել մաքրում անելու համար։ Ոսկի էր ուզում գետը գցելու և «մաքրում անելու» համար»,- պատմում է Հասմիկը։
Նա երեք ոսկյա զարդ եւ մոտ 60 հազար դրամ է փոխանցել Նարինեին մոմեր ու ծիսակարգիայլ պարագաներ գնելու նպատակով։
Հետո, երբ Նարինեն խոսել է Հասմիկի սկեսուրի հետ, ասել է, թե հարսն է «թուղթ ու գիր» արել, և տանը «չար ուժեր» կան։
«Հասկացանք, որ ընդամենը հասարակ խաբեբա է, քանի որ անգամ ընտանիքի անդամներին էր փորձում լարել իրար դեմ, բայց արդեն ուշ էր, ահագին փող ու ոսկյա զարդեր էինք կորցրել»,-պատմում է Հասմիկը։ Նա նույնպես հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Անկաշկանդ գործունեություն քրեական վարույթի պայմաններում
Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ քաղաքացիների դիմումների հիման վրա առանձնակի խոշոր չափի խարդախության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն։
Չնայած վարույթին, Նարինե Մանուչարյանը շարունակում է գործունեությունը։ «ՏիկՏոկ»-ում նա ուղիղ եթեր է մտնում, շփվում մարդկանց հետ, նոր հաճախորդներ գտնում։
«Հետքը» պարզաբանման համար փորձեց կապ հաստատել նաև Նարինե Մանուչարյանի և նրա ամուսնու՝ Արթուր Սարգսյանի հետ։ Մեր ձեռքի տակ եղած երեք հեռախոսահամարից երկուսն անհասանելի էին, երրորդի զանգերին պատասխանող չեղավ։ Հաղորդագրությունները այդ հեռախոսահամարներին, ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերին ևս անպատասխան մնացին։


