▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխարկներս հանած սրանից–նրանից Հայոց ցեղասպանության ճանաչում ենք մուրում, որ ի՞նչ անենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ես դեռ որ կրտսեր գիտաշխատող էի մի աշխատանքային կոնֆլիկտ ունեցա իմ նման մի ուրիշ կրտսեր գիտաշխատողի հետ։ Հարցը հասավ դիվանբաշուն՝ գիտխորհրդին։ Գիտխորհրդի նախագահն էլ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձույանն էր։ Երկուսիս էլ խոսքով մի լավ թաթալոշ տվեց ու ասաց գնացեք գործով զբաղվեք, չտեսնեմ, որ իրար միս ուտեք։ Մոտավորապես եմ ասում, ասելիքի իմաստը այս էր: Զայրացած դուրս եկա այդ գիտ․խորհրդի նիստից ու մի ամբողջ ամիս ինձ ուտում էի, թե ես էի իրավացին ու Համբարձումյանն ինձ չպաշտպանեց։ 

Հաճախ եմ հիշում այս փոքրիկ դիպվածն իմ երիտասարդության տարիներից ու ծիծաղում եմ ինքս իմ միամտության վրա։ Ինչու՞ պիտի այդ հսկան իմ կամ մյուս իմ նմանի կողմը պահեր։ Ի՞նչ, պիտի իջներ մեր մակարդակին ու մեր նման մտածեր, թե իր բարձունքից պիտի նայեր մեր մանր-մունր գզվռտոցին ու հաթաթա տար, որ խելոք պահենք մեզ։

Մեզ՝ հայերիս, թվում է, որ աշխարհն իր բան ու գործը թողած առավոտից երեկո պիտի մեր դարդը լացի, մեր կողմը բռնած թուրքի հերն անիծի՝ թքած ունենալով իր սեփական շահերի վրա։ Հանուն ինչի՞։ Հանուն արդարության հա՞։ Բայց դա ի՞նչ կտա աշխարհին։ Որ մաքուր կդառնա աշխարհը հա՞։ Բայց սենց՝ իր կեղտոտ տեսքով էլ աշխարհը դուր է գալիս աշխարհի հզորներին։ Էլ ինչու պիտի ավել գլխացավանք կապեն իրենց գլխին ինչ է, թե հայերը լավ կզգան իրենց։ Չհանդամի գյոռը թե վատ չեն զգա հայերը։ Հրեն, մենք լավ ենք զգում ու դա է կարևորը։ Մեր նավթը անպակաս լինի, մեր օդանավերը որտեղից ուզենանք, այնտեղից թռցնենք ու ում հերն ուզենանք մեր ուզած ձևով անիծենք, մեր էշն առաջ տանք, մեր ժողովրդին լավ պահենք։ Թե ով էլ այդ արանքում վարի կգնա իրենց հերն էլ անիծած։ 

Հենց այսքանը հասկանանք ու մտածենք, որ պարտավոր ենք ինքներս մեր գլխի ճարը տեսնենք առանց հզորների հովանավորության ու խարդախ միջամտության մեր գործերը լավ կգնան։ Գլխարկներս հանած ու ձեռքներս բռնած սրանից նրանից Հայոց ցեղասպանության ճանաչում ենք մուրում որ ի՞նչ անենք։ Կոտորվածներին ու կորցրածը ետ չենք բերելու։ Բան ու գործներս թողած արդարություն ենք մուրում որ ի՞նչ անենք։ Ո՞վ քանի կոպեկ կտա այդ արդարության դիմաց։

Երկիրը շենացնելու, կառուցելու ու հզորացնելու ուղիղ ճանապարհը թողած չգիտեմ ինչ ենք փնտրում այս անարդար աշխարհի տերերի դռները թակելով։

Համլետ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին