«Եթե ՀՀ 4-րդ նախագահը մեղավոր ճանաչվի, ի հայտ կգան Փաշինյան Նիկոլի լեգիտիմ չլինելու հիմքերը»․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի 4-րդ նախագահ Սարգսյան Արմենը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացիություն, հետևաբար` նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Այսօր պարզվեց, որ ՀՀ քննչական կոմիտեում այդ հարցով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Քոչարյան Ռոբերտը մի թևավոր արտահայտություն է արտաբերել` «ուչաստկովիի գործ»: Եվ, ահա, ՀՀ 4-րդ նախագահի «քաղաքացիության» վերաբերյալ «ուչաստկովիի գործը» մի քանի տարի է տևում: Դա էլ մի կողմ:
Պատկերացրեք, որ քննչականն իր գործն ավարտի և Սարգսյան Արմենին մեղադրանք առաջադրի: Պատկերացրեք նաև, որ դատարանն էլ նրան մեղավոր ճանաչի: Այդ դեպքում, ի՞նչ է լինելու:
Այդ դեպքում, Սարգսյան Արմենի պաշտոնավարումը ոչ լեգիտիմ է ճանաչվելու: Իսկ, եթե այդպես է, ապա ոչ լեգիտիմ նախագահի ստորագրած բոլոր իրավական ակտերը ոչ լեգիտիմ են հռչակվելու: Հիշեցնեմ` ըստ ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի, ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում: Փաստորեն, քննարկվող դեպքում կստացվի, որ ՀՀ 4-րդ, միաժամանակ` ոչ լեգիտիմ նախագահը, ոչ լեգիտիմ իրավական ակտով վարչապետ է նշանակել Փաշինյան Նիկոլին: Դա առնվազն նշանակում է, որ ՀՀ 4-րդ նախագահի Փաշինյան Նիկոլին վարչապետ նշանակելու վերաբերյալ իրավական ակտն ի սկզբանե առ ոչինչ է, հետևաբար` ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Ավելին` առ ոչինչ իրավական ակտերի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Ուրեմն, եթե ՀՀ 4-րդ նախագահը մեղավոր ճանաչվի, ապա ի հայտ կգան նաև Փաշինյան Նիկոլի լեգիտիմ չլինելու հիմքերը:
Միգուցե դա՞ է պատճառը, որ Սարգսյան Արմենի, ըստ էության, «ուչաստկովիի գործի» նախաքննությունը դեռ շարունակվում է: Կարծում եմ` դեռ երկար կշարունակվի»։