Ձերբակալված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի փաստաբան Աբգար Պողոսյանը գրում է.
«Ճիշտն ասած աչքերիս չէի հավատում, բայց բանից պարզվեց, որ խնդիրն աչքերիս մեջ չէր։
Բացահայտում եմ քննչական մարմնի փաստարկը, թե ինչու կարող է Կոչուբաևը խոչընդոտել նախաքննությանը։
Խորը շունչ քաշեք, նորից կարդացեք Կոչուբաևի «հանցավոր» գրառումը, նո՛ր շարունակեք կարդալը։
Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել, օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։
Вот какой поворот!»։
***
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամսով։ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Կոչուբաևը ձերբակալվել էրր նախօրեին։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել են և տարել։
Նշենք, որ Կոչուբաեւը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար։
Նա, մասնավորապես, գրել էր. «Վիժվածքներ,
Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»։
***
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությունը, ըստ ամենայնի, միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին՝ հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։
Հրահանգի տրամաբանությունը պարզ է. հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին՝ «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։
Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։
Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում։ Եվ, ինչպես պարզ է դառնում, առաջիկայում մենք ականատես կլինենք դրա նոր դրսեւորումներին։ Կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ իրավապահ համակարգին քննադատողները։
Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում: Կոչուբաեւի գործը, փաստորեն, դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը»։
Դիտեք նաև՝
Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է․ «Հին իրանական ասույթի համաձայն` դատավորի աթոռը պիտի կաշեպատվի նախկին դատավորի մաշկով. Ալեքսանդր Կոչուբաևի` ի հեճուկս արդարությանն ու արդարադատությանը, չնայած կալանքի պայմանների ու հիմքերի տոտալ բացակայությանը` երկու ամսով կալանավորվեց։ *** Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով։ |