▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ տեսել, օրինակ, որ Տեր–Պետրոսյանը կամ Քոչարյանն ահաբեկչությունն արդարացնող հայտարարություն անեն. Գեղամ Նազարյան

Ես չեմ տեսել, օրինակ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն ահաբեկչությունն արդարացնող հայտարարություն անեն. Գեղամ Նազարյանը` ՔՊ-ի հեղինակած Հայաստանի դեմ ահաբեկչության հայտարարության մասին

«Նման ոչ աջակցող, ոչ էլ արդարացնող հայտարարություն չի  եղել»,– ասաց անկախ պատգամավորը` առաջարկելով հայտարարության տեքստից հանել 6–րդ կետը, որտեղ ասվում է` խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների` ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: 

Նախագծի հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չհամաձայնվեց նրա հետ` նշելով, որ քաղաքականության մեջ կարող են ուղիղ չասել, բայց, ըստ էության, պաշտպանեն ահաբեկչությունը։

***

«Ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն մեր ճաշակի հարցն է կամ Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհի հարցն է, այլ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների մաս է։ Այսինքն՝ մենք ոչ միայն իրավունք ունենք, այլ նաև պարտավոր ենք դատապարտել ահաբեկչության ցանկացած եղանակ։

Մենք կոնկրետ դեպքի հետ կապված մեսիջ ենք հղում, որն ավելի շատ ուղղված է ապագային»,- այս մասին ԱԺ-ում ՔՊ-ի նախաձեռնած «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկին նախագահները ձայն չեն հանում, ապա դրանով կարող են լռակյաց արդարացնել ցանկացած տեսակի բռնի փորձ՝ ներառյալ ահաբեկչության փորձ։


***

ՀՀ Ազգային ժողովը արտահերտ նիստում քննարակում է ՔՊ-ի կողմից օրակարգ բերված «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, ընդդիմությունը չի մասնակցում նիստին։
Հայտարարության մեջ ասված է․ «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության և սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին:

2. Ահաբեկչության և Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:

3. Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի համար:

4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ որևէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսևորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքի դեմ:

5. Անընդունելի ենք համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը: Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգեւոր կարիքների սպասարկմանը:

6. Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների ու նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:

7. ՀՀ Ազգային ժողովը որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝

Դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը,

Աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ,

Նպաստել ազգային համերաշխությանը եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը»:
Նախագծի հիմնավորման մեջ ասված է․ «2025 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվեց ահաբեկչության փորձ՝ միտված Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը: Ըստ իրավապահ մարմինների կատարած բացահայտումների, ահաբեկչական խմբավորումը իր առջև նպատակ էր դրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քաոս, տապալել հասարակական կարգը և բռնության գործադրման ճանապարհով երկրում հաստատել ապօրինի իշխանություն:

Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների:

Այս ահաբեկչական գործողությունների նպատակն էր տապալելու Հայաստանի Հանրապետությունում հաստատված ժողովրդավարական կառավարման համակարգը՝ լրջագույն սպառնալիքներ ստեղծելով թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակներում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդնիր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Ահաբեկչությունը նախապատրաստած շարժման մասնակիցները նախապատրաստել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ ահաբեկչության փորձ: Անընդունելի է հատկապես սահմանադրական կարգի տապալման մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ներգրավելու փորձերը:

Կարևորում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատով ընտրված լեգիտիմ մարմին, ընդունի հայտարարություն բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին»:

***

ՔՊ-ի հեղինակած հայտարարությունը` Հայաստանի դեմ ահաբեկչության մասին, ԱԺ–ն ընդունեց 57 կողմ ձայնով

Հայտարարության տեքստի մեջ, մասնավորապես, նշվում է, որ խմբակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց իրավապահ մարմինների կողմից 2025 թ. հունիսին: 

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել այս հայտարարության քննարկմանը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին