Քաղաքաշինության նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ Երևանի 5-6 ԲՈՒՀ Գյումրի տեղափոխելու և այդ կառույցները հյուրանոցային համալիրներին տրամադրելու մասին:
«Ժամանակին հաստատվել էր գլխավոր հատակագիծը, 1985թ.ին էլ է որոշում կայացվել Երեւանի գլխավոր հատակագիծ անել, 1 մլն 200 հազար բնակչություն ուներ Երեւանը եւ խնդիր էր դրված բեռնաթափել Երևանը, ինչի ճանապարհներից մեկը բուհերը տեղափոխելն է: Երևանը գերծանրաբեռնված է, մարզերը՝ ոչ: Հաջորդը՝ այդ շենքերը կարող են վաճառել և այդ գումարով նոր բուհական համակարգ ստեղծել: Բոլոր այդ շենքերը կառուցվել են կամ պատերազմյան, կամ նախապատերազմյան տարիներին, երբ որ Երևանի բալային հաշվարկը 7 բալն էր: Այսինքն, մի փոքր երկրաշարժի դեպքում շենքերի 90 տոկոսը հողին կհավասարվի»,-ասաց Գուրգեն Մուշեղյանը:
Նրա խոսքով՝ այդ գումարներով գերժամանակակից բուհական համակարգեր կստեղծվեն: «Օրինակ, եթե Ֆիզկուլտինստիտուտը տեղափոխվի, այն կունենա մեծ բազա: Գյումրիում պետք է զարգանա այն ամենն, ինչ հնարավորությունը նա ունի: Գյումրիին հատուկ է սպորտը, Գյումրին շատ հարուստ է նկարիչներով»:
Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանն էլ հարց բարձրացրեց, թե օրինակ 60-70 տարեկան պրոֆեսորը ո՞նց պետք է գնա շրջան՝ դասավանդելու.
«ԲՈՒՀ-ը ինքն իրենով պետք է զարգանա: Գյումրիում կա Մանկավարժական համալսարան, այն պետք է զարգանա, որ շրջանի երեխան ցանկություն հայտնի այնտեղ գնալ ու սովորել: նեոբոլշեւիզմի հոտ է գալիս: Օրինակ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները շաբաթը երկու անգամ Ազգային պատկերասրահ պետք է գնան, պատկերասրահն էլ տարեք: Եվ, հետո, դե թող Լոմոնոսովի համալսարանը տեղափոխեն Ուրալ, Ուրալը զարգացնեն, բա ինչո՞ւ չեն տեղափոխում: Ամենակարևորը, հարց տվե՞լ եք, Գյումրին կարո՞ղ է այդքան ուսանողներ ընդունել»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում