Տեր Սարգիս Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ճիշտ այս պահին հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Ճանապարհորդություն դեպի Բեթղեհեմ» (2023) ֆիլմը, որտեղ ծաղրի և խեղաթյուրման է ենթարկվում Քրիստոսի Սբ. Ծննդյան սրբազան պատմությունը։
Ֆիլմում, ինչքան որ դիտեցի և այլևս չեմ պատրաստվում դիտել.
• Մարիամ Աստվածածինը ներկայացվում է որպես ռոմանտիկ մի աղջիկ, ով ցանկանում է շարունակել իր «կարիերան» և իբր բռնի կերպով ամուսնացվում է,
• Հովսեփ Աստվածահայրը ներկայացվում է որպես կնամոլ ու անլուրջ կերպար,
• Գաբրիել հրեշտակապետը՝ ծաղրական ու կատակային կերպարով։
Այս ամենը ոչ միայն աղավաղում է Ավետարանի ճշմարտությունները, այլև վիրավորում է հավատացյալների կրոնական զգացումները։ Նման բովանդակությունը անընդունելի է հանրային հեռուստաընկերության եթերում, հատկապես Սուրբ Ծննդյան օրերին։
Դժվար է սա համարել պատահական։ Այս օրերին տեղի ունեցող զարգացումների փուլում մարդկանց Սուրբ Ծննդյան խորհրդի փոխարեն նման ֆիլմեր մատուցելը ակնհայտորեն միտված է
կտրել մարդկանց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց և նրա սրբազան ավանդույթներից,
և փոխարենը մեր հայրենի երկիր ներմուծել օտարածին, աշխարհիկ ու հավատաքանդ «նոր բարքեր»։
Սիրելինե՛ր, զգոն եղեք, ուշադրություն դարձրեք, թե ինչ եք լսում և ինչ եք դիտում։
Ամեն «կրոնական թեմայով» ֆիլմ չէ, որ ծառայում է հավատ զորացմանը:


