Civilnet–ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը վարչապետը հիմնավորեց՝ հղում անելով «մամուլում հայտնված» տեղեկությունների. «Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ոչ մի բան, ո՞վ է դրա մասին հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա՛, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է»։
Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։
«Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա գցում․ կատարյալ լռություն։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն ա»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով, թե այս ամենին աջակցողները ուղիղ կամ անուղղակի «Եզրասի այդ գործակալական ցանցի» անդամներ են։
#CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում վարչապետը և ում հետ են դրանք կապված։
Իշխանական մամուլի «անանուն նամակը»
Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։
Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։
Էկրանապատկերում՝ Civic.am-ի հոդվածը և անանուն նամակի տեքստը
Սակայն հոդվածում և դրանում ներկայացված անանուն նամակում չի ներկայացվում փաստաթղթային որևէ ապացույց, հղում կամ աղբյուր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։ Առկա է միայն անհայտ ծագման էջից լուսանկար, որտեղ երևում է արտատպված նամակում առկա բովանդակությունը կրկնող տպագիր տեքստ, ինչպես նաև Եզրաս արք. Ներսիսյանի լուսանկարը։
Ուշագրավ է, որ Civic.am լրատվական կայքը գործարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Այս տեղեկությունը #CivilNetCheck-ի հետ զրույցում ՔՊ ներկայացուցիչները բազմիցս հաստատել են։ Ավելին, կայքը որպես լրատվամիջոց չունի առանձին իրավաբանական գրանցում, և դրա գործունեությունը ուղղակիորեն ֆինանսավորվում է իշխող կուսակցության կողմից։
Նույն օրը այս տեղեկությունը գրեթե միաժամանակ հրապարակվել է իշխանամերձ լրատվական այլ կայքերում՝ MediaNews.am-ում, FreeNews.am-ում և Armtimes.com-ում։
Էկրանապատկերում՝ իշխանական կայքերի հրապարակումները
Ովքե՞ր են կանգնած այդ կայքերի հետևում
MediaNews.am-ը, համաձայն 2021-ին «Ինֆոքոմի» բացահայտման, կապված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Մինչ օրս Չախոյանը որևէ կերպ չի հերքել իր կապը այդ կայքի հետ։ FreeNews.am-ը ղեկավարվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կողմից։ «Հայկական ժամանակը»՝ Armtimes.com-ը, պատկանում է վարչապետ Փաշինյանի ընտանիքին։
Հարկ է նշել, որ հայկական այլ լրատվամիջոցներում այս «անանուն նամակը» չի հրապարակվել։ Ստացվում է՝ վարչապետ Փաշինյանի նշած «մամուլը», որի վրա նա հիմնվում է խորհրդարանում հնչեցրած իր մեղադրանքներում, վերաբերում է իր ընտանիքին, իր կուսակցությանը կամ իր համակիրներին պատկանող իշխանամերձ լրատվական կայքերին։
Ուշագրավ է, որ 2024-ի տարեսկզբին իշխանական նույն լրատվամիջոցները համանման թեզերով թիրախում էին նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ մեղադրելով նրան «ԿԳԲ-ի գործակալ» լինելու, «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու» և այլ «զանցանքների» մեջ։
#CivilNetCheck-ը հարցում է ուղարկել կառավարություն՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ աղբյուրների վրա է հիմնված նրա պնդումը և արդյոք նա հաղորդում կամ ցուցում է ներկայացրել ԱԱԾ-ին՝ ստուգելու այդ տեղեկությունը։ Բացի այդ, հարցում ենք ուղարկել ԱԱԾ-ին՝ հարցնելով արդյոք ծառայությունն ուսումնասիրել կամ ստուգել է իշխանական մամուլում հրապարակված այդ «անանուն նամակում» եղած տեղեկությունները։ Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք դրանք։
Չիրագործված լյուստրացիա և անհիմն քաղաքական թիրախավորում
Հայաստանում 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ պնդում էին, որ նոր ձևավորված իշխանությունը պետք է անհապաղ «լյուստրացիա» իրականացնի՝ այսինքն՝ բացահայտի երկրում գործող տարբեր գործակալական ցանցերը, ինչին, սակայն, հետհեղափոխական իշխանությունը չգնաց։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը ևս այդ պահանջը հնչեցնողներից էր, շարունակում է պնդել «լյուստրացիայի» կարևորության մասին՝ նշելով, որ դեռ անկախությունից անմիջապես հետո անհրաժեշտ էր այդ ուղղությամբ օրենք ընդունել։
Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի կողմից անձանց «ԿԳԲ-ի գործակալ» որակելու դեպքերը, Սաքունցը շեշտում է, որ ժողովրդավարական պետության անվտանգությունը պահանջում է ինստիտուցիոնալ մոտեցում գործակալներին բացահայտելու ուղղությամբ, ոչ թե քաղաքական թիրախավորում։
«Հայաստանում, երբ բացակայում են թե՛ ինստիտուցիոնալ մոտեցումը, թե՛ օրենսդրությունը, թե՛ դատարանի որոշումը, իսկ դու առանց իրավական հիմնավորման նման խոսույթ ես օգտագործում, դա դառնում է ընդամենը քաղաքական խոսույթ կամ քաղաքական թիրախավորում։ Դե հիմա ինքը ասում է ԿԳԲ-ի գործակալ, մյուսներն էլ իրեն ասում են Թուրքիայի կամ չգիտեմ Ադրբեջանի գործակալ»,- ասաց Սաքունցը։
Այսպիսով, Վարչապետ Փաշինյանի խորհրդարանի ամբիոնից Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ մեղադրանքները հիմնված են իշխանամերձ կայքերի անանուն նամակի վրա՝ առանց փաստաթղթային ապացույցների և իրավական հիմնավորման»։


