▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանությունն անհերքելի և անմոռանալի փաստ է. Արամ Ա Կաթողիկոս

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա Կաթողիկոսն իր երախտիքի խոսքն ասաց սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ հայ ժողովրդի զավակներին նման հոգեվառ առիթ ընձեռելու և Աստծո այդ տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու համար։

«Ինչպես երկրորդ դարի եկեղեցու հայր Տերտուղյանոսն է ասել՝ նահատակների արյունն ավիշ դարձավ եկեղեցու կյանքի ու վկայության, այնպես էլ 1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին՝ մեզ տալով հավատքի և հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու ու նույնիսկ իմացյալ մահով նահատակվելու սրբազան քաջությունը։ Եվ այսօր այս արարողությամբ մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու մանավանդ սրբազան կտակով»,-ասաց նա։ 

Արամ Ա- կաթողիկոսն իր խոսքը շարունակեց անգլերենով և ասաց. «Ցեղասպանությունն անհերքելի և անմոռանալի փաստ է, որը խորապես հիմնված է ժամանակակից պատմության էջերում և առավելապես հայերի գիտակցության մեջ: Բոլոր փորձերը այն ջնջելու և մոռացության մատնելու` դատապարտված են անհաջողության»։  

Արամ Ա-ն նշեց, որ որ 1915-ին 1,5 մլն հայեր զոհ են դարձել Օսմանյան կայսրության կողմից կանխամտածված և իրականացված սպանություններին: Բացի 1,5 մլն զոհերից, ոչնչացվել, բռնագրավվել կամ կորսվել են հազարավոր պատմական, կրոնական և մշակութային ժառանգություն հանդիսացող մի շարք եկեղեցիներ և վանքեր:

Արամ Ա Կաթողիկոսը կարևորեց, որ Կաթողիկե եկեղեցու կողմից այսօր սրբադասված Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ. «Նարեկացին եզակի աստվածաբան էր, մեր եկեղեցու և ընդհանրական եկեղեցու կյանքի մեջ։ Նարեկացին խոսեցավ Աստծո հետ՝ մարդ-աստված երկխոսություն ստեղծելով «Մատեան ողբերգության» մեջ, որ եղավ ու մնաց հայ ժողովրդի կյանքի երկրորդ Աստվածաշունչը»,-նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին