«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ին կկայանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ: Թվում է՝ ամեն ինչ այս առումով արդեն պարզ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե կարողանար արժանապատվորեն ընդունել պարտությունը: Մի շարք քպականներ այս օրերին հայտարարում են, թե «ամեն ինչ դեռ առջևում է», «ոչինչ դեռ կորած չէ» և այլն: Ավելին, նախօրեին ԱԺ նախագահն էլ ասել էր, թե իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրելու:
Ինչի՞ մասին է սա խոսում: Կան տեղեկություններ, որ ՔՊ-ն ոչ միայն հույսը չի կորցրել Գյումրիում էլ զավթել իշխանությունը, ինչպես մի շարք այլ համայնքներում, այլև այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է տանում, ընդ որում, շրջանառվող տեղեկություններով, մի քանի տարբերակների ուղղությամբ: Գյումրիում խոսում են, որ տաբերակներից մեկը Մարտուն Գրիգորյանի ցուցակի անդամներից մեկին համոզելն ու թեկնածու առաջադրելն է: Այս դեպքում ՔՊ-ն կընտրի հենց նրան, ու կմնա ապահովել միայն երկու ձայն՝ ասենք՝ նույն խմբակցությունից: Ի դեպ, այս տարբերակը կյանքի կոչելու համար քպականները սպասում էին Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ կդնի՞ ԱԺ պատգամավորի մանդատը, թե՞ կվերցնի ավագանու անդամի մանդատը:
Պարզ հաշվարկներով, որպեսզի մինչև ապրիլի 16-ը կարողանա ավագանու անդամի մանդատ վերցնել, երեկ արդեն նա պետք է պատգամավորությունից հրաժարվեր, քանի որ առաջին դիմումից հետո միայն մեկ շաբաթ անց է դադարեցվում պատգամավորի լիազորությունները: Երկրորդ տարբերակը ՔՊ-ին ավելի հոգեհարազատ է, այն է՝ պարզապես «համոզելով», ճնշելով, վախեցնելով, խոստումներ տալով՝ ընդդիմադիր խմբակցություններից երեք ձայն փախցնել:
Ի դեպ, այս ամենին զուգահեռ, մեր տեղեկություններով, ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում պարտության պատճառների «հետևից է գնում»: Նախ՝ փորձում են հասկանալ՝ ովքեր են քվե խոստացել, բայց չեն տվել, և ինչու չեն կատարել իրենց խոստումը: Երկրորդ՝ նախատեսում են բոլոր նրանց «գլխին սարքել», ովքեր, չնայած նախընտրական շրջանում իշխանական ճնշումներին, կտրականապես հրաժարվել են քվեարկել, առավել ևս՝ աշխատել ՔՊ թեկնածուների օգտին:
***
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի, ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, այդ ուղղությամբ «աշխատում» է տարբեր բանագնացների միջոցով ու թիմակիցներից գաղտնի է պահում, որպեսզի հասկանա՝ կարող է գործը գլուխ բերել, նոր հայտարարի դրա մասին: Ու դա է եղել պատճառը, որ նախօրեին ՔՊ վարչության նիստին կրկին կանչել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին ու ՔՊ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են մարզում ու ինչ կարելի է անել, որ իշխանափոխություն Գյումրիում չսկսվի, իհարկե՝ նաեւ մեղադրելով թիմակիցներին ավագանու ընտրություններում պարտվելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները սպասում են, որ հնարավոր է Փաշինյանին հաջողվի ընդդիմադիրներին պառակտել ու տապալել Գյումրու քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրվելը: Եթե չընտրեն, նշանակում է՝ կհաղթի ՔՊ-ն: Բայց ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ իրենք թույլ չեն տալու ՔՊ-ին Գյումրիում իշխանություն ունենալ:
Ի դեպ, երեկ ողջ օրը փորձեցինք կապ հաստատել Դավիթ Առուշանյանի ու Սարիկ Մինասյանի հետ, սակայն՝ ապարդյուն, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում: Չկարողացանք պարզել, թե ով է Փաշինյանից ՍՄՍ ստացել՝ պաշտոնից հեռանալու եւ ՔՊ-ին մոռանալու մասին»։