▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ սրբազանի փաստաբանը ներկայացրել է աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը

Բագրատ սրբազանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը փաստեր է ներկայացրել, որոնցով, ըստ նրա, ապացուցվում է, որ Բագրատ արքպիսկոպոս Գալստանյանի մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունները մոտնաժված են։ Խուդոյանը նշել է, որ մանրամասներ է հայտնում, քանի որ «Սրբազան պայքարի» գործով նախաքննությունն ավարտվել է։

Քննչական կոմիտեն հունիսին «Սրբազան պայքարի» ղեկավարների մասնակցությամբ ձայնագրություններ էր հրապարակել, որտեղ նաև լսվում է Բագրատ Սրբազանի ձայնը, թե «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը։ Գնդակահարում ես, ընտանիքներին էլ կոնպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն»։ Փաստաբանները մի քանի անգամ հորդորել ու պահանջել են իրավապահ կառույցից ներկայացնել ձայնագրությունների ամբողջական տարբերակը՝ պնդելով, որ դրանք մոնտաժված են։ Սակայն քննչական կոմիտեն հերքել է, որ Բագրատ սրբազանի խոսակցությունը մոնտաժված է։

«Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը։ Սկսվում է առանց նախաբանի, կոնտեքստը բաց է թողնված։ Ձայնի մեջ չկա, բայց տեքստի մեջ քննչականը «պրծավ գնաց» բառերից հետո ավելացրել է «սաղ բնաջնջվում են»։ Ձայնի մեջ լսվում է, բայց քննչականը տեքստով չի տալիս «գնդակահարում ես,ինչո՞ւ»։ Այս արտահայտությունից հետո ձայնագրությունը կտրվում է՝ բաց թողնելով ինչուի պատասխանը։ Արդեն դատախազի մոտ երևում է քննչականի թաքցրած ինչուի պատասխանը՝ գործել է դավաճանություն պետության դեմ։ «Իրենք էլ ուրախ կլինեն» արտահայտությունից հետո միտքը կտրվում է, կոնտեքստը չի բացահայտվում։ Խոսվում է խմբերի ձևավորման մասին, ստեղծվում է կոնտեքստ, այնուհետև բազմակետով միտքը կտրվում է` իբրև թե վերաբերելի հատվածներն են միայն ներկայացվում»,– գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Խուդոյանը վստահեցրել է, որ ՀՀ քննչական կոմիտեն, տարբեր օրերի ձայնագրությունները մոտաժելով, մեկ ձայնագրություն է ստացել։

«Ըստ իրավապահ և ոչ իրավապահ քարոզիչների` «գյուլլելը» վերաբերելի էր գործող իշխանությունների ներկայացուցիչներին, բայց լսեք ձայնագրությունն ամբողջությամբ ու ինքներդ որոշեք, թե ինչի մասին է խոսակցությունը։ Սա միայն մեկ դրվագ է կեղծված գործի քարոզչական հնարքներից»,– ասել է Հովհաննես Խուդոյանը` կցելով փաստաթղթեր։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։

Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։

Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին