Բացարձակ սուտ է, թե տեր Տարոնն արձակուրդ է ստացել Բագրատ արքեպիսկոպոսի կողմից․․․
Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը գրել է․ «Երբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ այլևս լսում եք, բայց չեք հասկանում, նայում եք, բայց չեք տեսնում
Ժամեր առաջ լսեցի տեր Տարոն քահանա Հունանյանի հարցազրույցը, ով սուտ էր որակել «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 8-ին տված իմ հարցազրույցը՝ կապված իր ծառայության վայրը լքելու հետ, և չէի կարող չարձագանքել, առավել ևս, որ նշել էր, թե «չի չարանում»՝ անգամ խոստանալով աղոթել հոգուս փրկության համար։ Ես՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Սամվել վարդապետ Մխիթարյանս, թեմն առաջնորդում եմ 2024թ․-ի մայիսի 27-ից։ Հարցազրույցում տեր Տարոնի կողմից նշվեց, որ արձակուրդ ստացել է 1,5 տարի առաջ, այն էլ՝ անժամկետ (մեջբերումը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված իր հարցազրույցից), Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից, ինչը բացարձակ սուտ է, քանի որ 1,5 տարի առաջ Բագրատ սրբազանն այլևս չէր հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդը։ Այդ իսկ պատճառով քահանան չէր կարող ստանալ արձակուրդ առանց իմ հաստատման։
Եթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։
Տեր Տարոն քահանա Հունանյանի՝ ծառայության վայրից բացակայելու հետ կապված ոչ մի խնդիր չի եղել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 26-ը։ Այս ամսաթվից սկսած հաճախակիացան տեր հոր բացակայությունները՝ մեզ վերջերս հայտնի դարձած խնդիրների պատճառով։ Հավաստում եմ, որ 2023թ․-ի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին՝ հունվարի 5-ին անգամ, լուսարարապետ տեր հայրը վանք հասավ, երբ արդեն սկսվել էր Սուրբ պատարագը։ Տեր հայրը 2023թ․-ին գրեթե չներկայացավ ծառայության․ միայն մի քանի ամսվա կտրվածքով՝ 2023թ․-ի օգոստոսի 1-ից մինչև 2024թ․-ի փետրվարի 7-ը, տեր հայրը վանքից բացակայել է 116 օր։ Սա թեև իմ՝ իբրև վանահոր, խնդիրն էր, սակայն գտնվում էր թեմի առաջնորդի տիրույթում։ 2024թ․-ի մայիսի 27-ից, իբրև Տավուշի թեմի Առաջնորդության փաստացի պատասխանատու և արդեն իսկ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ, խոսել եմ տեր Տարոնի հետ, այն էլ՝ ոչ առանձին, նաև խոսել եմ իրեն շատ հարազատ մեր հոգևոր եղբայրների հետ, սակայն՝ անարդյունք, և մինչ օրս նա ծառայության վայրում չէ (ք․ Իջևան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի)։ Այս մասին գիտեն և կարող են վկայել Հաղարծին վանքի և Իջևան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մեր հավատացյալները, որոնք ներկա են Տավուշի թեմի հոգևոր կյանքից ներս։
Իսկ թե ինչու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախումբն իրեն նոր է հիշել, ինչպես նշում է տեր Տարոն քահանան, ապա նրան ավելի վաղ չեն հիշել այն պարզ պատճառով, որ ես մինչ այդ նրա առնչությամբ դրսևորել եմ հոգևոր կամք ու նրան ընդառաջելու ցանկություն և մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ը նրա բացակայությունների համար, իբրև Առաջնորդական տեղապահ, ես ոչ մի դիմում չեմ ներկայացրել Վեհափառ Հայրապետին կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախմբին՝ կարծելով, թե նա կկարողանա կարգավորել անձնական խնդիրները (որոնք, ի դեպ, այդպես էլ չկարգավորվեցին) և կվերադառնա ծառայության։ Նրա հետ կապված միակ մեղավորությունս այս է։
Իսկ ինձ համար եղբայրաբար աղոթելու փոխարեն ձեզ համար աղոթեք՝ այս քայքայիչ գործելաոճի և պարզ հավատացյալներին գայթակղության տանելու համար։
«Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթեոս 7:5)»։
Դիտեք նաև՝
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը մանրամասն փաստեր է ներկայացնում Տեր Տարոնի անվայել ամբաստանության առնչությամբ։
Փաստերից պարզ է, որ ժամանակին թե՛ Սամվել վարդապետը, որպես Հաղարծինի վանահայր, և թե՛ իմ շատ սիրելի Բագրատ Սրբազանը, որպես Տավուշի թեմի նախորդ բարեխնամ Առաջնորդ, ամեն կերպ ընդառաջել են Տեր Տարոնին։ Իսկ հիմա նա եկել է, կանգնել է Ստեփան Պատվալույծի կողքին, ու … ոչ ճիշտ բաներ է անում։
Ավել բան չեն գրի, քանզի Տեր Տարոնն այս պահին կարգի մեջ գտնվող քահանա է»։
***
Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր Տարոն, դու ե՞րբ դարձար «ժողովրդավար» քահանա: Մեծ ջանք պահանջվեց, որ լսեմ քո խոսքը: Ափսոսում եմ, որ այս ընթացքի մեջ հայտնվեցիր: Հիմա մի քանի հարց ուղղեմ, չնայած նախորդներից և ոչ մեկին չպատասխանեցիր: Միգուցե հիմա՞ կխորհես:
1) Եթե թեմից բացակայությանդ ժամանակ գնացել ես մեկ այլ եկեղեցի, ապա վերջին անգամ Ս.Պատարագ ե՞րբ ես մատուցել, մկրտություն, պսակ, թաղման կարգ կատարել, լավ, ժամերգություն արել:
2) Այսքանից հետո համարում ես, որ միայն Աստված գիտի արդյոք քո ծառայությունը լիարժեք համարե՞լ, կամ` ո՞չ: Իսկ ինքնագնահատական ի վիճակի չե՞ս տալ:
3) Հիմա ինչը քեզ ստիպեց վերադառնալ հայրենիք և «արթնանալ» հոգևոր քնից:
4) Դու ինքդ քեզ հոգևոր մա՞րդ ես համարում, լու՞րջ: Ասա ի՞նչ հոգևոր ծառայություն ես մատուցել ու որտե՞ղ այս ընթացքում:
5) Հասկանու՞մ ես, որ խոցվել ես չարից հպարտությամբ, իսկ մնացած անկումդ ինքստինքյան է ստացվում:
6) Ժողովու՞դը պետք է գնահատի հոգևորականի հոգևոր լինելը: Սա ի՞նչ պոպուլիզմ է:
7) Լսե՞լ ես մեր Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի մասին: Թեմի առաջնորդը, կամ եպիսկոպոսն է գնահատական տալիս իր ծառայության ենթակա քահանային:
8)Չգիտե՞ս, որ քահանայական շնորհները գործում են միայն եկեղեցու միասնության ներքո: Քեզ օծել է Հայկազուն սրբազանը եկեղեցական իշխանությամբ, և նա տվյալ դեպքում որպես անձ չէ հանդես գալիս, այլ քահանայական շնորհների փոխանցող:
9) Եթե մյուռոն օրհնելը եկեղեցուն ես վերագրում, ոչ թե անձին, ապա ինչու՞ Ստեփանի կարգալուծության հիմքերը անձերի մեջ ես փնտրում, քեզ ձեռնադրելը անձի ես վերագրում: Ցավում եմ, որ երկակի մոտեցումներ ես ցուցաբերում:
10) Բագրատ սրբազանը վաղուց թեմի առաջնորդ չէ, իր կողմից տրված անժամկետ արձակուրդը դրանով չավարտվե՞ց: Ինչու՞ չվերադարձար այդ ժամանակ:
11) Եթե «տ.Արամ» ես անվանում Ստեփանին, ապա կարգալուծությունը չես ընդունում: Իսկ դա Եկեղեցու դեմ ըմբոստություն չէ՞: Այդ հոգեվիճակով ո՞նց ես պատկերացնում քո հետագա ծառայությունը Եկեղեցում:
12) Չե՞ս ըմբռնում, որ կարգալուծությունը թղթի վրա գրված մի բան չէ ընդամենը: Դա Եկեղեցու վճիռ է, վավերացված Վեհափառ Հայրապետի կողմից, ում դա վերապահված է Եկեղեցու իշխանությամբ ու կարգով: Եթե քահանայի խոսքով Եկեղեցուց տրված քահանայական իշխանությամբ միայն երկնքում արձակվում են մարդու մեղքերը, ապա գրով էլ երկնքում լուծարվում, իսկ կարգալույծի վրայից վերցվում են քահանայական շնորհները:
Վերջապես, եթե իմանայիր, թե ինչից ես զրկվելու կարգալուծությունից հետո, այդպես անհոգ քեզ չէիր պահի: Եթե քահանան չի մտահոգվում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում, որ, ըստ «Կանոնագիք հայոցի» քահանայական կարգը սերտապես շաղկապված է շնորհների, օծման, նշանի և ձևի հոտ: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է ամեն ինչից: Իսկ եթե պատկերացնում է, ապա դա իր գիտակցված որոշումն է: Աստված իրեն դատավոր»: