▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին և Սուրիկ Խաչատրյանին

Մեծահարգ պարոններ, ուզում եմ գոնե մեկ անգամ վստահ ու համոզված լինել, որ սույն Բաց նամակն էլ չի արժանանա այն բազում նամակների ճակատագրերին, որոնք գրվում ու հրապարակվում, սակայն մատնվում են անտարբերության: Ուզում եմ, որ գոնե մեկ անգամ մեր երկրում մի Բաց նամակ վերաբերմունք և արձագանք ձևավորի, պարտադրի գտնել լուծումներ: 

Սույն Բաց նամակի առիթն իմ տևական դիտումներն են և «Սյունյաց լրագիր» էլեկտրոնային թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր ՍԱՍՈՒՆ ՄՆԱՆՈՒԿՅԱՆԻ մտահոգությունները, որոնք, կարծում եմ, լուծելի են, եթե դրսևորվի կամք և ցանկություն, եթե հարավային Հայաստանի ռազմավարական ծրագրերի մեջ մշակույթը ևս դիտարկվի որպես պետության պահպանման, արտագաղթի կանխման կարևորագույն գործոն:

Կապանի կենտրոնում, ժամանակին, բացի վարչական-կառավարական շենքերից, տեղակայված էր նաև Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական միջրջանային թատրոնի շենքը՝ ինքնատիպ ճարտարապետական կառույց, որը խորհրդանշում էր խորհրդային կոնստրուկտիվիզմը, ուներ թատերա-հանդիսանքային միջոցառումների կազմակերպման բոլոր հնարավորությունները: Նախորդ դարի 80-ականների վերջին որոշվեց քանդել թատրոնի հին շենքը և կառուցել նորը։ Աշխատանքները կատարելու պատվիրատու, մերօրյա բնորոշմամբ՝ հովանավոր, ճանաչվեց ԶՊՄԿ-ն։ 1990-ականների սկզբին՝ պատերազմի, կոմբինատի գործունեության դժվարությունների պատճառով, շինարարությունը կանգ առավ։ 2008-ին, փոխված իրողությունների պայմաններում, երբ արդեն «լուծվել» էր թատրոնի շենքի հարցը, որոշվեց թատրոնի նախկին տեղում կառուցել Բիզնես կենտրոն՝ ԶՊՄԿ համար։ Շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց կարծես էլի իրողությունները փոխվել են։

 Նախ, կարելի է ասել, որ ինչ նպատակով էլ որ ԶՊՄԿ-ն ցանականա օգտագործել շենքը՝ արդարացված չի լինի։ Ասենք՝ դժվար է պատկերացնել, որ արդյունաբերական հսկան կփորձի սպասարկման բիզնես իրականացնել, իսկ կառուցվող շինությունը այլ նպատակի ծառայացնելու համար նախատեսված չէ։ Հետևաբար, ԶՊՄԿ կեցվածքին վայել քայլ կարող է լինել շենքը Կապան քաղաքին նվիրելը՝ այն չօտարելու և բացառապես քաղաքապետարանը այնտեղ տեղակայելու և միայն այդ նպատակին ծառայեցնելու պայմանով։ Այսինքն, այսօր այդ շենքը կարող է վերածվել բազմաֆունկցիոնալ վարչական համալիրի, ուր բացի քաղաքապետարանից, կարող են տարբեր հատվածներում տեղավորվել նաև վարչական գործառույթներ իրականացնող որոշ հաստատություններ կամ էլ մարզային գրադարանը, որը «տարածված» է մի քանի շենքերի բացվածքներում:

Ինչ վերաբերում է 80-ամյա թատրոնին, ապա այն, շենքը քանդելուց հետո և երկար տարիներ պայքարելուց հետո, ինչպես մարզային իշխանությունների, այնպես էլ ՀԹԳՄ նախագահ, Կապանի թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ջանքերով, ունեցավ կացարան՝ նախկին «Սյունիք»  կինոթատրոնի շենքում։ Ստեղծագործական վերելքի ճանապարհով ընթացող, մարզի և տարածաշրջանի մշակութային կյանքում ահռելի ներկայություն հաստատած թատրոնի համար այս շենքն ընդամենը կացարան է, այո, որովհետև զուրկ է բոլոր պայմաններից, արդեն իսկ «երկհարկանի» բեմը խոսում է այն մասին, որ թատրոնն այս շենքում չի կարող գործել:

Ի՞նչ անել, ինչպես լուծել թատրոնի շենքի հարցը՝ քիչ գումարներ ծախսելով: Կապանում է գտնվում մոռացության և անտերունչության մատնված Շինարարների պալատը, վեհաշուք մի կառույց, որի գոյության մասին այսօր շատերն են մոռացել: Թատրոնին լավագույն նվերը՝ հիմնադրման 80-ամյակի առթիվ, կարող է լինել հենց այդ շենքի գնումը։ Գուցե կգտնվի՞ մեկը, որը կխախտի ավանդույթը և կկատարի առաջին քայլը՝ Կապանին տալով արժանի նվեր, լուծելով միանգամից երկու հարց՝ թատորնի շենքի և կինոդահլիճի՝ ներկայիս թատրոնի շենքի: Ի դեպ, Կապանում նոր եկեղեցի կառուցելու կարիք չկա։ Այնպես որ, բարերարը պակաս փառքի չի արժանանա։ Կապանը քաղաքային մշակույթ ունեցող քաղաք է։ Մեզանում մարող այս հատկանիշը պահելու համար, քայլ է պետք։ Ու այդ քայլը պետք է անել հիմա, դուրս գալով առօրյա կենցաղային խնդրիներից։ Այլապես տեսանելի ապագայում սոցիալական խնդիրները չեն լուծվելու, իսկ արժեքների վերացումը կամ դրանք կողք դնելով միևնույն է սոցիալական հարցերը չեն լուծվում՝ պարզապես արժեհամակարգն ենք կորցնում։

Լևոն Մութաֆյան

Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՐՏԻՍՏ և Լևոն Շանթի անվան մրցանակների դափնեկիր,

«Մայրենիի դեսպան» և «Գրական վաստակի համար» մեդալակիր, 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի Դրամատիկական հանձնախմբի անդամ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին