▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ ապրես դու, Փաշինյան․․․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

ԻՆՉՊԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՐԵՓՈԽԵՑ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՄ  «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈւԹՅՈւՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ»

Լավ չի Նոր Տարվա նորությունները սկսել տրամադրությունը փչացնող լուրերից, բայց «Ազատություն» ռադիոկայանի ՍԵՆՍԱՑԻՈՆ նյութը` Նիկոլ Փաշինյանի ստեղծված կոռուպցիոն բուրգի մասին իսկապես պրոֆեսիոնալիզմի գլուխգործոց է, որում առաջին անգամ փաստված-փաստաթղթավորված ապացույցներ են բերված Հայաստանում Փաշինյանի կողմից կառավարվող համակարգային կոռուպցիայի գոյության մասին (հղումը` մեկնաբանությունում):

Պարզվում է, որ եթե առաջ բիզնես արտոնություններ ստանալու համար գործարարները ուղիղ մուծվում էին երկրի ղեկավարին կամ նրա օրթաղներին, այսօր Հայաստանում գործում է կաշառք հավաքելու մի այլ կերպ արդիականացված, ժողովրդավարական և թափանցիկ համակարգ:

Եվ այսպես, արտոնություն ստանալու համար, բիզնեսմենը պետք է դիմի կառավարությանը արտոնություն ստանալու խնդրանքով, պաշտոնապես խոստանալով, որ կավելացնեն աշխատատեղերի քանակը: Կառավարությունը գիտի, որ աշխատատեղերի քանակը չի ավելանում, այլ նվազում է, բայց արտոնությունը տալիս է: Ինչու՞: Որովհետև, նա գիտի, որ այդ փողը գործարարի կողմից այնուհետև կփոխանցվի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամ և «ՔՊ»-ի պաշտոնական հաշվին` որպես «նվիրատվություն»:

Ավելին, պարզվում է, որ նույն մեխանիզմով, գումարած անմրցակից տենդերների հատկացումը, պահպանվում է մենաշնորհային տնտեսական համակարգը, որի պատճառով ահավոր բարձր են հացի, շաքարի, բենզինի և լայն սպառման այլ ապրանքների գները:

Ընդորում` այս սխեմայի մեջ ներքաշված է Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ընտանիքը:

Այս ամենը ապացուցված է զուտ կառավարական փաստաթղթերով` Հայաստանի Հանրապետության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների:

Ի՞նչ է ստացվում: Փաշինյանն ու ՔՊ-ն զբաղված են երկրի անխնա թալանով, թալանի մի մասը հատկացնելով Քոչարյանին, բայց ամենօր փրփուրը բերանին խոսում են այն մասին, որ իրենք պիտի իշխանության գլուխ մնան, որ «թույլ չտան նախկին թալանի վերադարձը»: Իսկ գլադիատորական մարտերը Ազգային Ժողովում ներկա ու նախկին թալանչիների միջև ընդամենը իրենց համատեղ թալանից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար կազմակերպված հինհռոմեական տեսարաններ են:

Այ ապրես դու, Փաշինյան: Պարզվում ա, լուրջ կառավարման շնորհք ունես` թալանչիական ավազակապետական համակարգին «քաղաքակիրթ», «օրինական» տեսք տալու հարցում, որ չունեին նախկինները: Փաստորեն, լուրջ բարեփոխիչ ես` Հայաստանը «տարածաշրջանի ամենակազմակերպված ավազակապետություն» դարձնելու գործում:

Ժողովու´րդ, հասարակություն, արթնացե´ք: Եթե այս բացահայտումներից հետո էլ ձեր առաջ տեսնեք Նիկոլ Փաշինյանի ռեժիմի աջակից, ապա իմացեք, որ ձեր առաջ կանգնած է հայ ժողովրդի բարեկեցությունը խեղդող ավազակապետության մորթապաշտ և արգահատելի մի ծառա:

Վերջում, տրամադրություններդ բացեմ: Այս ամենին մենք վերջ կտանք հունիսին: Շնորհավո՜ր Նոր Տարին և իր հետ գալիք Հայաստանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին