▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում ենք՝ մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու, մե՞զ էլ եք կալանավորելու». լրագրողը՝ Արթուր Պողոսյանին

«Ինչպե՞ս է ստացվել, որ «մեր ձևով»-ն իշխանության զավթում է համարվել՝ իրավապահների կողմից»,- ԱԺ-ում, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հարցրեց լրագրողը: «Մենք տվեցինք իրավական գնահատական ու համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է»,- ասաց պաշտոնյան: «Հիմա ասում ենք՝ մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու, դա՞ էլ եք հանցագործություն որակելու, մե՞զ էլ եք կալանավորելու»,- հարցրեց լրագրողը: ՔԿ նախագահն ասաց. «Ըստ ձեզ՝ դա բավարա՞ր է... Հարգելիս, կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան»:

***

«Նիկոլ Փաշինյանից հրահանգները ՍՄՍ-ով, զանգով, թե մեյլով եք ստանում»,- դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց, որ կոմիտեի նախագահի ու գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված են օրենքով. «Մասնակցում եմ նիստերին, քննարկումներին. այդ հարաբերությունների մասին է խոսքը»:

***

«Նիկոլ Փաշինյանն այն, ինչ ասում է, 5, 10 րոպե հետո ՔԿ-ն կա՛մ մեկին ասֆալտին է փռում, կա՛մ մտնում են խուզարկության, կա՛մ կոնկրետ գործընթացներ են տեղի ունենում: Օրինակ Սամվել Կարապետյանի, Կոչուբաևի գործը, ու այսպես կարելի է թվարկել»,- ԱԺ-ում, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, ասաց լրագրողը: «Չգիտեմ՝ էդ համընկնումներն ինչով են պայմանավորված: Մենք գործում ենք օրենքով, առիթը լինում է, օրինակ Կոչուբաևի հետ կապված, անձը գրառումը կատարել է, հիմք է հանդիսացել հաղորդում ներկայացնելու, ոստիկանությունը ներկայացրել է ու պրոցեսները գնացել են»,- պատասխանեց Պողոսյանը:

***

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համացանցում տարածված, ենթադրաբար Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութին ու պատասխանելով հարցին՝ ուզո՞ւմ եք ապրել մի երկրում, որտեղ անձին գաղտնի տեսանկարահանում են լոգարանում, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ասաց. «Անընդհատ սևեռվել եք, որ դա արվել է իրավապահ մարմինների կողմից, չէ՞, դուք էդ վարկածն եք շրջանառում, չէ՞: Բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ, օրինակ, չգիտեմ, որևէ միջադեպի մասնակիցները մեկը մյուսին է հրապարակել: Ունենք ընդամենը տեսաձայնագրություն, բայց չգիտենք՝ երբ է արվել, ինչ հանգամանքներում և այլն»:

***

ԱԺ-ում դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց. «Քանի որ դուք կալանքների մասով շատ ակտիվ եք ու միջնորդությունները ներկայացնելուց երկար չեք վարանում, ուզում եմ խորհրդանշական նվեր նվիրել, հուսով եմ՝ կդնեք ձեր սեղանին ու ամեն անգամ դա տեսնելուց կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի, ամենաճիշտ որոշումը չէ»:

Պողոսյանն ասաց՝ նվերներ չի ընդունում. «Ինձ նվեր պետք չի, առավել ևս՝ էդ խաղալիքը, ես դրա իսկականն ունեմ»:

***

«Կենտրոնացել եք «գյուլլելու» դրվագի վրա: Սկզբից նշեցին, որ դա ինքը չի խոսում, հետո պարզվեց՝ ինքն է խոսում, հետո չէին հիշում՝ թիրախն ով էր, հիմա մեկնաբանում են՝ տեսականորեն երբ իշխանությունը զավթվեր, կոնկրետ անձանց էս ձևով պետք է պատժվեր»,- անդրադառնալով Բագրատ Սրբազանի ու մյուսների գործի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը: «Էդ «գյուլլելու» թիրախների փնտրտուքների մե՞ջ ենք հիմա մենք: Եղե՞լ ա նման խոսակցություն՝ պատերի տակ գյուլլելու, եղե՛լ ա: Բա էն մյուս խոսակցություններն ինչո՞ւ չեք վկայակոչում... Ահաբեկչական գործողություն՝ խուզարկությամբ հայտնաբերված: Որակումն էլ են իրենք տվել, թե ոնց են զավթում, գրավում ոստիկանության շենքերը»,- հավելեց Պողոսյանը: «Մարդ պտի սուտ չխոսա, առավելապես հոգևորականը պտի սուտ չխոսա: ՔԿ նախագահը պարտավոր է սուտ չխոսալ, իսկ հոգևորականը բարոյական պարտավորություն ունի՝ սուտ չխոսելու»,- նշեց նա:

***

«Ես պատահական չհարցրեցի՝ ինչո՞ւ Սամվել Կարապետյանի գործը չեք ուղարկում դատարան: 52 քննիչ եք ներգրավել ու գործը չեք կարողանո՞ւմ ուղարկել դատարան: Ես կանխատեսում էի, որ կասեք՝ ծավալուն է, փողերի լվացում կա, և այլն: «Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու» հատվածն առաձին ուղարկեք դատարան, ինչո՞ւ չեք արել. որովհետև ձեզ պետք ա, որ նա մնա կալանքի տակ. ամեն ինչ շատ պարզ է»,- դիմելով ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

***

«Միքայել Աջապահյանի մասով մի դեպքում դատախազությունն ասաց՝ որևէ խնդիր չկա, հանցակազմ չկա, մի վեց ամիս մտածեց, որոշեց՝ չէ, հանցակազմ կա: Որպես ՔԿ նախագահ՝ խնդիր տեսա՞ք, թե՞ ոչ»,- դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: ՔԿ նախագահն ասաց. «Միքայել Աջապահյանի հետ կապված նշեցիք՝ դատախազը գործ է հարուցել, բայց դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն չունի: Վարույթը նախաձեռնել է քննչական մարմինը: Ասացիք՝ մի դեպքում տեսել է, մյուս դեպքում՝ չի տեսել: Ընդհանրապես, երբ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, կա երկու ընթացակարգ՝ վարույթ նախաձեռնել կամ ոչ: Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում հսկող դատախազին, որը կամ արարքի իրավաբանական գնահատականի, կամ փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնարարություն տալ: Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնում, որը հաստատվում է հսկող դատախազի կողմից: Ձեր մատնանշած դեպքում, դա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն չի, հետևաբար քրեադատավարական արգելք, չվերացված որոշում առկա չի եղել»:

Ագնեսա Խամոյանն արձագանքեց՝ կալանքի այս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. «Ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ»:

***

«Կա սխեմա. հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում իքս գումարի հարկ վճարել՝ հակառակ դեպքում սպառնում՝ ձեզանով կզբաղվեն քննիչները: Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են իքս գումարի վճարում անել ինչ-որ հաշվեհամարի, որը հետո վերադարձ կարվի կամ ոչ, հակառակ դեպքում՝ սպառնում կալանավորել»,- ԱԺ-ում դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խնդրելով արձագանք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին