a1plus.am-ը գրում է. Հոկտեմբերի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, իսկ հոկտեմբերի 18-ին Արցախում տեղի է ունենալու համերգ՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը։ Վերջինը նշել է, որ համերգին մասնակցելու համար իր հետ տարբեր երկրներից բերել է նաև իր լավագույն սաներին։
«Եղբորս տարեդարձի առթիվ ինձ մոտ միտք ծագեց այսպիսի նվեր մատուցել նրան, որը համոզված եմ՝ նրան շատ է դուր գալու։ Սաներիս հետ խոսեցի և ասացի, որ նրանց ուզում եմ տանել ինձ հետ Հայաստան՝ հայերեն երգեցնելու համար, նրանք էլ մեծ սիրով համաձայնեցին»,-նշել է երգչուհին։
Արաքս Մանսուրյանը, ով այժմ դասավանդում է Ավստարալական երաժշտական ինստիտուտում, նշեց նաև, որ բազմաթիվ համերգներ է ունեցել տարբեր երկրներում և ամեն տեղ ներկայացրել է հայկական երգն ու երաժշտությունը։
«Այս տարի ելույթ եմ ունեցել Ճապոնիայում, երգել եմ Կոմիտաս և կատարել եմ նաև իմ եղբոր ստեղծագործություններից։ Բոլորը կարծես ցնցված լինեին հայկական անաղարտ երաժշտության ելևէջներից։ Ես նաև անխտիր իմ բոլոր սաներին եմ սովորեցնում Կոմիտաս և Մանսուրյան, նրանց մեջ սերմացնելով սերը՝ դեպի հայկական մշակույթն ու արվեստը։ Հրավեր ունեմ նաև Ավստրալիայում ելույթ ունենալու»։
Երգչուհու հույն սաներից Ջորջա Կոկորիսը հիացմունքով էր խոսում Հայաստանի մասին. «Կարող եմ ասել, որ պարզապես սիրահարված եմ ձեր երկրին ու մշակույթին։ Այն հիասքանչ է։ Շատ վայրերում եմ եղել, բայց կարող եմ ասել, որ Հայստանը մի փոքր ուրիշ գայթակղություն ունի»,-ասել էՋորջա Կոկորիսը։ Վերջինս ասուլիսի ընթացքում կատարեց նաև մի հատված Կոմիտասի «Կռունկ»-ից, իսկ չինացի Ջանգ Հոնշինը երգեց «Երկիր Նաիրի»-ն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում