▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 24-ին ընդառաջ...

Հերթական Ապրիլի 24-ը մոտենում է. չէ, կներեք, այս մեկը տոնական է: Մի նեղացեք. հայ ժողովրդի գիտակից հատվածի համար, քանի դեռ չունենք ուժեղ պետականություն, հիրավի պետական մտածելակերպով քաղաքացիներ, որ գերակշռող լինեն, այդ օրը նվաստացման, գետինը մտնելու, անպատվության, ամոթի օր է, իսկ առայժմ, մի քանի օրից տեղի կունենա Ապրիլ 24-յան մեծ տոնակատարություն:

Մասնակցություն կունենան առաջին հերթին վերը ասվածին անհաղորդ մարդիկ, օրինակ՝ իշխանավորները, որոնք տխուր տեսքով, իսկ իրականում՝ ներքին գոհունակությամբ, մտքում կհաշվեն կամ արդեն հաշվել են, թե ինչքան փող խփեցին, անմոռուկ ծախելով, հյուրանոցները լցնելով, ռեստորաններում հայրենասիրական ճառեր ասելով, աշխարհի մեծամեծերի հետ նստել-վերկենալով, քաղաքական դիվիդենտներ հավաքելով, արդեն առաջիկա ընտրություններին սեփական ասելիքը պատրաստելով, և այլն և այլն: Այս խավի համար Ապրիլ 24-յան տոնն, իրոք, կատարյալ է:

Մասնակիցների հաջորդ խավը, այսպես կոչված, մի օր ընդդիմություն, մնացած օրերը՝ ըմբռնող դիմություն կոչվող քաղաքական ու հասարակական կազմակերպություններն են: Նրանք իշխողների կողքին համերաշխ կկանգնեն՝ ի նշան սգի, էս «ազիզ» օրը, իբր, հարամ չանող հպարտներ:

Հաջորդ խավը, իբր, իրական ընդդիմադիրներն են, ովքեր կանցնեն պատկառելի հալածյալների տեսքով՝ արհամարհական հայացք նետելով իշխանությունների դրած ծաղկեպսակներին անգամ, քթների տակ ու մամուլի առաջ վերջիններիս պախարակելով, իրականում, սակայն, միակ երազանք սրտում՝ որ հաջորդ տարի իշխանական պսակ դնողներն ու փոխ խփողները վերջապես իրենք լինեն:

Այս երեք տեսակին լուռ կուղեկցեն ժողովրդի տարբեր խմբեր՝ երկրապահներ ու ազատամարտիկներ, բանվորներ ու գյուղացիներ, կուսակցական զվարթ կանայք, արևածաղիկ չրթող ու հռհռացող էրեխեք: Նրանց շարքերում համեստները չեն երևա: Տխուր քայլքով կանցնեն մտավորականներ, ովքեր հատուկ հոտառությամբ կմերձենան տերերին, մեծապատիվ տեսքով մի երկու խելոք արտահայտություն կանեն, հետո շշուկով կհիշեցնեն իրենց պատմագիտական մեծ կարևորություն ունեցող գրքի կամ երաժշտական գործերի մասին, որ ստեղծել կամ ստեղծելու են հարյուրամյակի առիթով՝ չմոռանալով, իհարկե, դրանց հոնորարների մասին:

Ինչ խոսք, զինվորականների խավը նույնպես կմասնակցի, ներկաներն ու նախկինները: Նախկինները՝ դժգոհ, անպայման երազելով երեկվա դիրքերը ետ բերելու մասին:
Հասարակության ազնիվ, մտածող ու այս զարհուրելի տոնից մաս չունեցող մարդիկ էլ լուռ կանցնեն՝ անզորությունից դառնացած հոգով ու սրտով:

Վերջին տարիներին իրական գործառույթից շեղված ԱԱԾ և ոստիկանական վերնախավն աչալրջորեն կհսկի այս ամենը և իր տանջվող շարքայիններին, հետո տերերին կզեկուցի, թե քանի հնարավոր «ահաբեկիչ» են մեկուսացրել:
Օրը կանցնի, երեկոյան կխմվի, իսկ լուսաբացից… 

Իսկ լուսաբացից հերթական գաղթախմբերը կբռնեն երկիրը լքելու ճանապարհը… Կգնան ցեղասպանվելու…Մնացողները կպատրաստվեն 101-րդ տարելիցին…

Սուրեն Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին