Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկ է համարում վերահաստատել, որ ընկերությունը զերծ է որևէ քաղաքական ներգրավվածությունից։ Այս մասին ի պատասխան Asekose.am-ի հարցման, նշեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե «ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար»։
Կոմբինատի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Որևէ կուսակցություն ֆինանսավորելու կամ այլ քաղաքական ներգրավվածության մասին հայտարարությունը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։
ԶՊՄԿ-ն, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ աշխատում է ՀՀ և միջազգային համապատասխան օրենքների շրջանակներում, հետևելով կորպորատիվ կառավարման ընդունված չափանիշներին։ Ընկերության հասցեին հնչող ապատեղեկատվությունը, անհիմն և անտեղի շահարկումները հարվածում են երկրի առաջին հարկատուի հեղինակությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ նման հայտարարություններից, դրսևորելով հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվություն»։


