Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական ղեկավարի տեղակալ, գեներալ Սարդար Ջաուանին հայտարարել է, որ Թրամփը խաբել է Ալիևին և Փաշինյանին։
«Ակնհայտ է, որ Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը լուռ չեն մնալու այս կործանարար իրադարձության առջև։
Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը գոնե մի փոքր մտածեին ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և ՆԱՏՕ-ին կովկասյան տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետևանքների մասին, նրանց ոչ մի դեպքում չէր խաբի մոլի խաղացող Թրամփը։ Այս երկու երկրների պաշտոնյաները, ուշադրություն չդարձնելով կովկասյան իրողություններին և տարածաշրջանի մյուս երկրների շահերին, ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի և մի շարք եվրոպական երկրների խոստումների ազդեցության տակ գնացին իրենց երկրների համար արկածախնդիր քայլի։ Այս երկուսը գործել են նույն սխալը, ինչ Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Միամիտ ուկրաինացի նախագահը, կարծելով, թե ՆԱՏՕ-ին անդամակցությունն իր երկրին պայծառ ապագա կբերի, իր ազգին տարավ կործանման ճանապարհով։ Եթե Զելենսկին ուշադրություն դարձներ այն բանին, որ ռուսաստանյան անվտանգության հայեցակարգում նախկին Խորհրդային Միության սահմանները համարվում են անվտանգության կարմիր գծեր, նա երբեք իր երկիրը չէր ենթարկի ռուսաստանյան բանակի ներխուժմանը։
Զելենսկու ռազմավարական սխալը հանգեցրեց ծանր և անդառնալի կորուստների Ուկրաինայի երկրի և ժողովրդի համար, իսկ այդ երկրի ապագան շատ առումներով մնում է անորոշ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության տեսանկյունից։
Զարմանալի է, որ Իլհամ Ալիևը և Փաշինյանը ոչ միայն դասեր չքաղեցին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից և չհասկացան, թե ինչու է սկսվել այդ պատերազմը, այլև գործեցին նույն սխալը, որը կարող է նմանատիպ հետևանքներ ունենալ իրենց և իրենց երկրների համար։
Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը որոշակի իմաստով համարվում են Ռուսաստանի անվտանգության սահմաններ, և, համապատասխանաբար, ռուսաստանցիները երբեք չեն հանդուրժի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայությունը ցանկացած ձևով և ցանկացած անվան տակ իրենց անվտանգության սահմաններում։
Նրանց սխալը շատ ավելի լուրջ է, քան Ուկրաինայի նախագահի սխալը։ Զելենսկին իր ռազմավարական սխալով միայն սադրեց ռուսաստանցիներին և նրանց տրամադրեց իր դեմ։
Սակայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գործողությունները Սպիտակ տանը, որոնք, համաձայնագիր կնքելով, ամերիկացիներին 99 տարով Զանգեզուրի միջանցքի ստեղծման բացառիկ իրավունք տվեցին, իրենց դեմ տրամադրեցին տարածաշրջանի մի քանի կարևոր երկրների։
Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, յուրաքանչյուրը յուրովի, Զանգեզուրի միջանցքի հանձնումը Միացյալ Նահանգներին գնահատում են որպես իրենց ազգային շահերին բացահայտ հակասություն։ Ակնհայտ է, որ այս երկրները լուռ չեն մնա տարածաշրջանի համար այս կործանարար իրադարձության առջև, և յուրաքանչյուրն իր շահերն ու անվտանգությունը կպաշտպանի այս կամ այն կերպ։
Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Վելայաթիի հայտարարությունները, ինչպես նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը վկայում են այն մասին, որ Իրանի հյուսիսային սահմանների մոտ, ինչպես նաև Ռուսաստանի ազգային անվտանգության աշխարհագրության մեջ ամերիկացիների ներկայության մասին երազանքը երբեք իրականություն չի դառնա։
Վելայաթիի որոշ հայտարարություններ պարունակում էին միանգամայն հստակ ուղերձ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, այնպես էլ ԱՄՆ-ի համար։
Իհարկե, Վելայաթիի խոսքերը լիովին համապատասխանում էին Իրանի Իսլամական Հանրապետության հստակ և ամուր դիրքորոշմանը, որը նախկինում հայտարարել էր իր հյուսիսային սահմաններում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների անընդունելիության մասին»,- նշել է Ջաուանին։
Դիտեք նաև՝
***