ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանն ափսոսում է, որ պարզ մարդկայնության դրսևորումը երբեմն խեղաթյուրվում է:
Այսպես է արձագանքել ՀՀԿ-ական պատգամավորն Asekose.am-ի այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք ասեկոսեները, որ նա կապ ունի Կասկադի «Պեկին» չինական ռեստորանի հետ, որտեղ , հիշեցնենք, երեկ տեղի ունեցած պայթյունից հրդեհ էր բռնկվել: Ըստ ականատեսների, պատահարից հետո Նաիրա Կարապետյանն ամուսնու հետ եղել է տարածքում ու ակտիվորեն զբաղվել վթարի հետևանքները վերացնելու «կազմակերպչական» աշխատանքներով:
Այս առիթով, Նաիրա Կարապետյանն Asekose.am-ին տվեց հետևյալ պատասխանը.
«Ժամանակ առ ժամանակ ամուսնուս հետ ընթրում ենք այդ ռեստորանում։ Ուրիշ որևէ այլ կապ չունեմ։ Ամուսնուս հետ քայլում էինք Կասկադում, լսեցինք պայթունի ձայն, շտապեցինք օգնության։ Ամուսինս փորձեց կազմակերպել դիմացի կայանած մեքենաները դուրս բերել, որպեսզի շտապ օգնության մեքենան կարողանա մոտենալ։ Երբ ԱԻՆ-ի աշխատակիցներից ճշտեցինք և վերջնական համոզվեցինք, որ մեր օգնության կարիքը չկա, մարդկանց ոչինչ չի պատահել, զրուցեցինք հարևանների հետ, ովքեր խուճապի մեջ էին, համոզվեցինք, որ անգամ շենքի փոքր-ինչ վախեցած բնակիչներին է ցուցաբերվում անհրաժեշտ օգնություն, շարունակեցինք մեր ճանապարհը: Ինձ պես շատ անցորդներ կային այնտեղ, ու գրեթե բոլորը փորձում էին օգնել»։
Ի դեպ, Նաիրա Կարապետյանը նաև իր «ալիբին» ներկայացրեց՝ երեկ, «Պեկին»-ի պատահարից առաջ, նա ամուսնու հետ ընթրել է Կասկադի տարածքում գտնվող մեկ այլ ռեստորանում:
Մենք, իհարկե, ողջունում ենք Նաիրա Կարապետյանի հոգատար վերաբերմունքն ու մարդկանց օգնելու պարզ դրսևորումը...դե, իսկ եթե ԱԺ պատգամավորների կողմից «մարդկայնության դրսևորումները» երբեմն մեր համաքաղաքացիների մոտ սխալ են ընկալվում, կարծում ենք, այդ հարցում ևս «կազմակերպչական» լուրջ աշխատանքների տեղ ունեն խորհրդարանականները:
Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան