▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

250 հազար եվրո արժեքով վարագույր․ ի՞նչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը

Ֆակտոր.am-ը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի անշարժ գույքի քանակն ավելացել է ևս 1-ով․ նա գնել է Առինջում գտնվող իր հայտնի տան և «Մուլտի» բենզալցակայանի միջև ընկած հողակտորը։ Աճուրդը կայացել է 2024-ի դեկտեմբերին։ 10․5 հա հողակտորի համար, որը, փաստացի, ծիրանի այգի է և սահմանազատված է քարե ու մետաղե ցանկապատով, Ծառուկյանը վճարել է 425․7 մլն դրամ։ Այդքան է եղել աճուրդի մեկնարկային գինը։

Ուշագրավ է, որ հողակտորը բաժանված է 2 մասի (նկարում վերցված են կարմիր շրջանակների մեջ), իսկ մեջտեղի հատվածը, ըստ կադաստրային տվյալների, 2022 թ-ից այլ անձի սեփականություն է։ Չնայած դրան, հողակտորները որևէ ձևով միմյանցից սահմանազատված չեն։

Ծառուկյանն այդպիսով, ըստ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի (ներկայացրել է որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ), ներկայում ունի 25 անշարժ գույք՝ 13 հողամաս Առինջում, Ծաղկաձորում, Պռոշյանում և Վերին Պտղնիում, բնակարան Երևանի Կենտրոնում, հողին ամրակայված 2 այլ անշարժ գույք Առինջում և Սևանում, 1 առանձնատուն Առինջում, ևս 8 կառույց Առինջում և Ծաղկաձորում, որոնք, սակայն, չեն ստացել պետական գրանցում։ Նկատենք, որ այդ կիսակառույցները Ծառուկյանը ձեռք է բերել 2004-2015 թվականների ընթացքում։ Ծառուկյանը հայտարարագրել է 19 ավտոմեքենա՝ BENTLEY, ROLLS-ROYCE, BMW, RANGE ROVER, TOYOTA, MERCEDES-BENZ, NISSAN, JEEP մակնիշների։ Այս բոլորը նա գնել է, բացի մեկից՝ 2023-ի հունիսի 20-ին նա նվեր է ստացել RANGE ROVER։ ԲՀԿ ղեկավարը 55 կազմակերպությունների և անձանց տվել է ընդհանուր 24․5 մլրդ դրամ, 96․6 մլն եվրո, 53․8 մլն դոլար և 754․4 մլն ռուբլի փոխառություն։ Փոխառություն ստացածների թվում է նաև ՀՀ քննչական կոմիտեն, որին Ծառուկյանը 1 մլրդ 55 մլն դրամ է տվել, դրանից 55 մլնը՝ 2024 թվականին։ Թե ի՞նչ նպատակով է Ծառուկյանը Քննչական կոմիտեին փոխառություն տվել, հայտարարագրում նշված չէ, իսկ Կոմիտեից այդ հարցին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեցին։ Ծառուկյանն անցած տարի 1 մլն 88 հազար դոլարանոց թանկարժեք գույք է գնել, որի բնույթը հստակ նշված չէ։ Նա հայտարարագրել է ընդհանուր 50 թանկարժեք գույք (4 մլն դրամից ավելի արժեքով), այդ թվում՝ ադամանդե քարերով ոսկե ժամացույցներ, ոսկե մատանիներ ադամանդե քարով , կահույք, ջահեր, վարագույր՝ ընդհանուր 12․6 մլն դոլար և 6․5 մլն եվրո արժողության։ Ի դեպ, նրա նշած միայն մեկ վարագույրի արժեքը 251 հազար 799 եվրո է։ Տարեվերջի դրությամբ նրա բանկային հաշիվներին եղել է 3․7 եվրո, 279․ 9 հազար դոլար, մոտ 7 մլն դրամ և 239 հազար ռուբլի, կանխիկ միջոցները կազմել են 4․7 մլն եվրո, 31․6 մլն դոլար և 1․8 մլրդ դրամ։ Ծառուկյանը 2024-ին ստացել է ընդհանուր 11․6 մլրդ դրամ եկամուտ։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դատարանում պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 79 անշարժ գույք, օրենքի իմաստով Ծառուկյանին պատկանող ևս 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ, նաև 86 մլրդ 400 մլն դրամ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին